Վրաստանի գլխավոր դատախազության կողմից նախկին վարչապետ, «Գախարիան՝ Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի դեմ քրեական հետապնդում սկսելը, որը ներառում է նաև «Չորչանայի հսկիչ կետի» դրվագը, վերջին շրջանում Վրաստանում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն է։
Գործի էությունը և մեղադրանքները
Գիորգի Գախարիայի դեմ հարուցված քրեական գործը բաղկացած է երկու հիմնական դրվագից, որոնք վերաբերում են նրա պաշտոնավարման ժամանակաշրջանին (երբ նա զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարի, ապա՝ վարչապետի պաշտոնը).
-
«Գավրիլովի գիշեր» (2019թ. հունիսի 20-21). այս դրվագը վերաբերում է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի բժնի ուժով ցրելուն, երբ ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվեցին, իսկ մի քանիսը կորցրեցին տեսողությունը։ Դատախազությունը Գախարիային մեղադրում է երկուսից ավելի անձանց դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու կազմակերպման համար՝ պնդելով, որ նա, անտեսելով ընթացակարգերը, հրամայել է միաժամանակ և առանց նախազգուշացման հատուկ միջոցներ կիրառել խաղաղ ցուցարարների դեմ։
-
Չորչանայի հսկիչ կետ (2019թ. օգոստոս). Այս դրվագով Գախարիային մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Մասնավորապես, դատախազությունը պնդում է, որ ՆԳ նախարար Գախարիան միակողմանիորեն հրամայել է Չորչանա գյուղի մոտ, Հարավային Օսիայի հետ օկուպացիոն գծի երկայնքով, ոստիկանական հսկիչ կետ տեղադրել՝ առանց Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի, վարչապետի կամ Պետական անվտանգության ծառայության հետ համաձայնեցման։ Ըստ մեղադրանքի, այդ գործողությունը խախտել է պետական շահերը և օկուպացիոն ռեժիմին առիթ տվել հետագա սադրանքների և տարածքային վերահսկողության կորստի։
Չորչանան Գորիի մունիցիպալիտետի գյուղերից է, որը գտնվում է Հարավային Օսիայի օկուպացիոն գծի անմիջական հարևանությամբ։
Հասարակության լայն շրջանակ նշում է, որ այն ժամանակ «Վրացական երազանք»-ի իշխանությունը (որի մասն էր կազմում Գախարիան) պաշտպանում էր այդ քայլը, այժմ, երբ Գախարիան ընդդիմության առաջնորդ է, նրան մեղադրում են, որ այդ քայլով նա խախտել է պետական շահերը և թույլ տվել օկուպացիոն ռեժիմին ամրապնդվել կամ գրավել նոր տարածքներ, թեև նրա կողմնակիցները պնդում են, որ դա տարածքի պաշտպանության միակ հնարավոր միջոցն էր։
Այս քրեական գործի վերսկսումը և համատեղումը «Գավրիլովի գիշերվա» գործի հետ (որի հետաքննությունը թույլ էր համարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից) տեղի է ունենում այն ժամանակ, երբ Գիորգի Գախարիան դարձել է գործող իշխանության ամենակտրուկ ընդդիմախոսներից մեկը։
Միջազգային հանրության քաղաքական գործընկերները և Վրաստանի լայն ընդդիմադիր դաշտը միաձայն հայտարարում են, որ քրեական հետապնդումը զուտ քաղաքական հաշվեհարդար է։ Նրանց դիտարկմամբ՝ «Վրացական երազանք»-ն օգտագործում է արդարադատության համակարգը՝ չեզոքացնելու իր ամենավտանգավոր քաղաքական մրցակիցներին։Հատկանշական է նաև, որ գործի վերսկսումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Գախարիայի կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել խորհրդարանական բոյկոտը և մտել է օրենսդիր մարմին։
«Վրացական երազանք»-ը պնդում է, որ գործն ունի զուտ իրավական հիմքեր և ուղղակիորեն բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Գավրիլովի գիշերվա» վերաբերյալ որոշումից։ Իշխանության ներկայացուցիչները շեշտում են, որ ոչ ոք օրենքից վեր չէ, և հարկավոր է հետաքննել իշխանության չարաշահման ցանկացած դեպք։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը ընդգծեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործը «փակ է», դժվար է որևէ հստակ եզրակացության գալ, և ավելի ճիշտ կլինի որ երկու կողմերն էլ խոսեն այս մասին փաստերով և ապացույցներով.
«Հաշվի առնելով, որ Չորչանայի գործի մանրամասները անհասանելի է, մենք չգիտենք հանգամանքները. Գիորգի Գախարիան հայտնում է, որ տեղեկատվությունը այդ մասին փոխանցել է Վարչապետին, անվտանգության ծառայության ղեկավարին և անվտանգությամ խորհրդին, իսկ հակառակ կողմը նրան մեղադրում է, որ չի փոխանցվել տեղեկատվություն»,-նշեց Գախարիան։
Նրա խոսքով՝ չնայած դրան, ակնհայտորեն երևում է ենթադրված քաղաքական բաղադրիչներ, «իսկ ընդհանուր առմամբ Չորչանայի հարցը նաև լրջագույն նշանակություն ունի, քանի որ վերաբերվում է օկուպացված տարածքներին առնչվող անվտանգությանը»։
Գրեթե ողջ ընդդիմադիր դաշտը և բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպություններ դատապարտել են քայլը՝ անվանելով այն «քաղաքական պատանդառություն», «ավտորիտարիզմի նշան» և «արդարադատության ընտրովի կիրառում»։ Գախարիայի կուսակցությունը հայտարարել է, որ սա պայքար է ռուսամետ քաղաքականության և Վրաստանի եվրոպական ապագայի միջև։
«Մենք կտեսնենք Գիորգի Գախարիայի դեմ ուղղված շատ ավելի անհեթեթ մեղադրանքներ. սա անակնկալ չէր մեր քաղաքական թիմի համար», -մեկնաբանել է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամ Թաթա Խվեդելիանին՝ ի պատասխան Գախարիայի դեմ քրեական հետապնդման սկսման։
Նրա խոսքով՝ սա անձնական վենդետայի շարունակությունն է, և «Վրացական երազանք»-ը պատրաստ է հետապնդել իր թիմի ամենակարևոր քաղաքական հակառակորդին՝ Գիորգի Գախարիային, նույնիսկ ազգային շահերի հաշվին։
«Սա անձնական վենդետայի շարունակությունն է, որը հայտարարվել էր 2024 թվականի ընտրություններից առաջ։ Մենք կտեսնենք շատ ավելի անհեթեթ մեղադրանքներ, որոնք կներկայացվեն Գիորգի Գախարիայի դեմ։ Սա այն իրականությունն է, որը ստեղծում է «Վրացական երազանք»-ը։ Այն քաղաքականապես հետապնդում է իր ամենակարևոր հակառակորդին»:
Միջազգային կազմակերպությունները և արևմտյան դեսպանատները մտահոգություն են հայտնել Վրաստանում արդարադատության ընտրովի կիրառման և ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումների կապակցությամբ։ Նրանք կոչ են արել ապահովել թափանցիկ և արդար դատավարություն՝ առանց քաղաքական միջամտության։ Գախարիայի, ինչպես նաև այլ քաղաքական գործիչների դեմ հարուցված գործերի մասին մտահոգություն են հայտնել նաև ԵՄ-ն և ԱՄՆ-ն:
Վրացի տնտեսագետ և քաղաքական գործիչ Շալվա Կերեսելիձեի խոսքով՝ Չորչանա գյուղում անցակետի տեղադրումը և վրացական հողերի պաշտպանությունը առաջին դեպքն էր, երբ Վրաստանի կառավարությունը, Գիորգի Գախարիայի ջանքերով, երկրի շահերից ելնելով, պաշտպանեց օկուպացիայի վտանգի տակ գտնվող բնիկ վրացական տարածքը սողացող օկուպացիայից և կանխեց վրացական պետությանը օկուպացիայի գծի ընդլայնման ռիսկերից.
«Իշխող կուսակցության քաղաքական ղեկավարությունը հպարտանում էր այս խիստ հայրենասիրական գործողություններով, բայց այդ ժամանակվանից անցել է վեց տարի, և պարզվել է, որ բնիկ վրացական հողերը օկուպացիոն ռեժիմից պաշտպանելը և վրացական պետությունը պետական հեղաշրջումից պաշտպանելը պետության դեմ կատարված հանցագործություն է, այդ իսկ պատճառով գլխավոր դատախազությունը, գոյություն չունեցող և կեղծված ապացույցների հիման վրա, մեկ օրում քաղաքական մեղադրանքներ առաջադրեց նախկին վարչապետի դեմ»,-գրել է նա:
Մեկ այլ, «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամ Գիորգի Էնուկիձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե Գախարիան Չորչանա հսկիչ կետը բացելով դավաճանել է ազգային շահերը և հանցագործություն է կատարել, ապա ի՞նչ է դա նշանակում։ «Վրացական երազանք»-ը դեռևս դավաճանում է ազգային շահերին և շարունակում է հանցագործություններ կատարել՝ խոստովանելով դա, քանի որ Չորչանա անցակետը դեռևս կանգուն է, և ո՛չ Գոմելաուրին, ո՛չ Գելաձեն, ո՛չ Մդինարաձեն, ո՛չ էլ Կոբախիձեն այն չեն վերացրել։ Եթե այս անցակետով ազգային շահերը չեն պաշտպանվում, ապա «Վրացական երազանք»-ը պետք է համարձակվի և վերացնի այն»:
Հիշեցնենք, Վրաստանի Գլխավոր դատախազությունը օրեր առաջ հայտարարեց, որքրեական գործ է հարուցվել ընդդիմադիր դաշտի ութ առաջնորդների, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ. նրանք են՝
-
Միխեիլ Սաակաշվիլի (Նախկին Նախագահ, ՄԱՇ հիմնադիր, արդեն բանտարկված)
-
Գիորգի Վաշաձե («Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ)
-
Նիկա Մելիա և Նիկա Գվարամիա («Ախալի» կուսակցության առաջնորդներ)
-
Մամուկա Խազարաձե և Բադրի Ջափարիձե («Լելո» կուսակցության առաջնորդներ)
-
Զուրաբ Գիրչի Ջափարիձե («Գիրչի-Ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ)
-
Էլենե Խոշտարիա («Դրոա» կուսակցության առաջնորդ)
առաջադրւած մեղադրանքները վերաբերում են Պետական Անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին։ Գլխավոր դատախազության պնդմամբ՝ ընդդիմադիր գործիչները մեղադրվում են.
- դիվերսիա և պետական դավաճանություն,
- օտարերկրյա թշնամական գործունեությանը օժանդակություն և դրդում,
- Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորում,
- սահմանադրական կարգի բռնի փոփոխության և պետական իշխանության տապալման կոչեր (կապված 2024 թվականի աշնան ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի հետ)։
Քաղաքական գործիչները, (բացի Սաակաշվիլիից), մեղադրվում են նաև «ակտիվ փողոցային գործունեության» մեջ՝ հեղափոխության, կառավարության տապալման և իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ֆիզիկական բախումների կոչեր անելու համար։