Ընդդիմությունն արտգործնախարարին հրավիրում է օրենսդիր մարմին

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ազգային շարժում. ուժը միասնության մեջ է» խմբակցությունը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաջորդ նիստում արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին հրավիրում է օրենսդիր մարմին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան։ 

Պատգամավորի խոսքով՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի և Արևմուտքի կողմից զսպվածության ֆոնին՝ տարածաշրջանում նոր իրողություն է ստեղծվում, և սա մեծ շանս է, որը պետք է օգտագործի Վրաստանը, բայց, ցավոք, նկատվում է Վրաստանի կառավարության լիակատար անգործությունը։ 

«Ինչպես բանաձևի ընդունման և Ուկրաինա այցի ժամանակ էր, այնպես էլ այս դեպքում ընդդիմությունն է, որ պետք է ստանձնի իշխանության գործառույթը, և ընդդիմությունն է, որ պետք է պաշտպանի երկրի ազգային շահերը»,- ասել է Բոկուչավան։

Ըստ Բոկուչավայի՝ իրենք պահանջում են, որ Զալկալիանին ներկայանա հանձնաժողովի նիստին՝ նախ և առաջ քննարկելու Հյուսիսի, Բալթյան և Սև ծովի միջև համագործակցության նոր ձևաչափին Վրաստանի միանալու հեռանկարը. 

«Ինչպես հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը, սա տարածաշրջանում զարգացման և անվտանգության նոր գոտի ստեղծելու փորձ է, և Վրաստանը պետք է կարողանա օգտագործել այս հնարավորությունը։ Սա ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն այլընտրանք չէ, բայց, ինչպես Ուկրաինայի ԱԳՆ է բացատրել, հնարավորություն է անվտանգության և բարգավաճման հասնելու՝ նույնիսկ մինչև ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելը»։