2025 թվականին Վրաստանում կանցկացվի պետական լեզվի քննություն։ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ նախարար Գիվի Միքանաձեն հայտարարել է, որ քննության գրանցումը կսկսվի նոյեմբերի 24-ին և կավարտվի դեկտեմբերի 1-ին։
Նրա խոսքով՝ «քննությունը կանցկացվի վրացական կրթական համակարգի պատմության մեջ առաջին անգամ»։
Գիվի Միքանաձեի խոսքով՝ նմանատիպ քննություններ անցկացվում են աշխարհի շատ երկրներում, որոնց հիման վրա քննվողին տրվում է տվյալ երկրի կողմից ճանաչված լեզվի իմացության վկայական։
Կրթության նախարարի խոսքով՝ «սա հատկապես կարևոր է օտարերկրյա ուսանողների, պետական ծառայությունում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների, արտերկրում բնակվող վրացիների և բիզնես ոլորտում աշխատող ոչ վրացախոս անձնակազմի համար»։
«Պետական լեզվի քննությունը կարևոր է վրացերենի՝ որպես պետական լեզվի կարգավիճակի ամրապնդման և լեզվի գործառնության ոլորտի ընդլայնման համար։ Այս նպատակով, պետական լեզվի ռազմավարության 2023-2024 թվականների գործողությունների ծրագրի համաձայն, Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը պատրաստել է քննություն, որը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։
Պետական լեզվի քննությունը կանցկացվի տարին մի քանի անգամ և թույլ կտա մեզ ստուգել չորս իրավասություն։ Դրանք են՝ լսողական, ընթերցանության, գրավոր և խոսակցական։ Այս փուլում կանցկացվեն տարբեր դժվարության երկու թեստ. առաջինը կորոշի վրացերենի իմացության A1 և A2 մակարդակները, երկրորդը՝ B1 և B2 մակարդակները։ Մակարդակները կտարբերակվեն՝ կախված նրանից, թե դիմորդը քանի միավոր է կուտակել։ 2030 թվականից սկսած, A1, A2, B1 և B2 մակարդակներից բացի, մենք նախատեսում ենք անցկացնել C1 և C2 մակարդակները որոշող քննություններ, և այս ուղղությամբ նույնպես ակտիվորեն աշխատանքներ են տարվում», — ասել է Գիվի Միքանաձեն։