Քաղաքացու նկատմամբ շանտաժը լուսանկարների միջոցով, թե այլ կերպ` պատժվում է. իրավաբան

Վերջերս Վրաստանի սոցիալական տիրույթում բուռն քննարկման առարկա է դարձել կանանց կամ աղջիկների ինտիմ լուսանկարների տարածումը համացանցում և դրանց միջոցով շանտաժն ու մանիպուլյացիան։ Մասնագիտությամբ իրավաբան, Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Union FREYA կազմակերպության անդամ Մարիամ Մխեիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ այս պահին դա լուրջ և հրատապ խնդիր է։

«Ինտիմ լուսանկարներ տարածելն ու դրանց միջոցով աղջկան շանտաժի ենթարկելն իսկապես շատ հրատապ և լուրջ խնդիր է այսօր, քանի որ երբեք այսքան հեշտ չի եղել տեղեկությունն արագությամբ տարածելը»,- նշում է իրավաբանը։

Իրավաբանի կարծիքով` այդ կարգի լուսանկարներ տարածելն ինքնին հանցագործություն չէ, սակայն վատ հետևանքների չբախվելու համար անհրաժեշտ է խուսափել նման քայլերից։

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի վարվելու այնպես, ինչպես ցանկանում է, սակայն նման իրավիճակում չհայտնվելու համար կան կանխարգելման որոշակի եղանակներ, առաջին հերթին չուղարկել նման լուսանկարներ կամ եթե որոշել եք ուղարկել, ծածկել դեմքը և մարմնի այն հատվածները, որոնք լուսանկարում պատկերվածի ընդգծված յուրահատկությունն են, և դրանց միջոցով հնարավոր է դառնում հեշտությամբ ճանաչել. օրինակ՝ խալ, սպի կամ որևէ այլ նշան»։

Մխեիձեն պարզաբանեց, որ Վրաստանի Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածը վերաբերում է գաղտնիության կամ անձնական տվյալների խախտմանը։

«Բայց այն հետևանքները, որոնք հաճախ ուղեկցում են նման դեպքերին, նկատի ունեմ այդ կարգի լուսանկարների միջոցով շանտաժի ենթարկելը, ապա սա արդեն իսկապես հանցագործություն է։ Քաղաքացու նկատմամբ շանտաժը՝ կապ չունի լուսանկարների միջոցով է, թե այլ ճանապարհով, պատժվում է»

Եվ հենց նշվածի հիման վրա էլ` հանցագործության հաստատման դեպքում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է դառնում.

1. Անձնական տեղեկատվության կամ անձնական տվյալների անօրինական ձեռքբերում, պահպանում, օգտագործում, տարածում կամ տրամադրում այլ անձանց, որոնց հետևանքով վնաս է հասցվել քաղաքացուն, պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Անձնական տեղեկատվության կամ անձնական տվյալների ապօրինի օգտագործումը և/կամ տարածումը համացանցի, սոցիալական ցանցերի, զանգվածային հեռարձակման կամ այլ միջոցներով, ինչը զգալի վնաս է հասցրել քաղաքացուն, պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։

Իրավաբանը խորհուրդ է տալիս տուժողին, որ նման դեպքերում պետք է ահազանգել Հատուկ քննչական ծառայություն․ «Գործը բացահայտելու և ձեր իրավունքները պաշտպանելու համար պետք է ժամանակին կապ հաստատեք Հատուկ քննչական ծառայության հետ, նրանց թեժ գծի համարն է՝ 199»։

GrlzWave հասարակական կազմակերպության ակտիվիստ, ֆեմինիստ Աթինա Բրեգվաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ շատ դեպքերում նման չար կատակը կամ պատիժն ավարտվում է կնոջ կամ ավելի հաճախ` դեռահաս աղջկա ինքնասպանության փորձով։

«Նման դեպքեր շատ հաճախ պատահում են անչափահաս աղջիկների հետ, իհարկե` այս պարագայում հասարակության բացասական արձագանքը, ամոթանքն ու ճնշումը երեխային կարող է մղել ինքնասպանության փորձ կատարելու։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ ծնողը երեխայի հետ խոսի այս թեմայով, ներկայացնի հնարավոր վտանգները, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում մենակ չթողնի նրան և ապահովի հոգեբանական աջակցությամբ», — ասում է Բրեգվաձեն։