Վրաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում է օտարերկրյա ուսանողների միայն 19.5%-ը, մնացածը նախընտրում են մասնավոր համալսարանները։
Մասնավորապես, Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով, 2024-2025 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների ընդհանուր թիվը կազմել է 188 հազար, որից 19.5%-ը օտարերկրացիներ են։ Ավելի կոնկրետ, 2024-2025 ուսումնական տարում երկրում սովորել է 37 հազար 125 օտարերկրացի. 29 հազար 857-ը՝ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, 7268-ը՝ պետական։
Վրաստանում արտասահմանցի ուսանողների 55%-ը Հնդկաստանից է, որին հաջորդում են Հորդանանը՝ 7% և Իսրայելը՝ 6%։
Հատկանշական է, որ 2024-2025 ուսումնական տարում արտասահմանցի ուսանողների մոտավորապես 85%-ը կամ 31 հազար 486 ուսանող, սովորել է մագիստրատուրայի, 5621-ը՝ բակալավրի և միայն 18-ը՝ մասնագիտական ծրագրերով։
Նախորդ տարիների պես, 2024-2025 ուսումնական տարում, ըստ Geostat-ի, արտասահմանցիների շրջանում ամենատարածվածը բժշկական կրթությունն էր։
Հիշեցնենք, նոր կրթական բարեփոխումների արդյունքում Վրաստանի պետական համալսարանները հաջորդ ուսումնական տարվանից այլևս չեն ընդունի արտասահմանցի ուսանողների։ Ըստ կրթության նախարար Գիվի Միքանաձեի` այդ որոշման նպատակն է առավելագույնի հասցնել պետական համալսարանների կողմնորոշումը դեպի «պետական շահերը» և որակյալ կրթություն տրամադրել Վրաստանի քաղաքացիներին։ Միքանաձեի խոսքով՝ այդ սահմանափակումը չի տարածվի մասնավոր համալսարանների վրա, արտասահմանցի ուսանողների ընդունելությունն այդ բուհերում կշարունակվի նույն ձևով։