Թբիլիսին փորձարկում է Բաքվի համբերության սահմանները. Minval.az

«Վրաստանը խաղում է աշխարհի դեմ. Թբիլիսին փորձարկում է Բաքվի համբերության սահմանները».  այսպիսին է ադրբեջանական Minval.az լրատվամիջոցի հրապարակած հոդվածի վերնագիրը։ Հոդվածում նշված է, որ վերջին ամիսներին Բաքու-Թբիլիսի հարաբերություններում մտահոգիչ փոփոխություն է նկատվել, որը ոչ թե առանձին բյուրոկրատական ​​թերությունների հետևանք է, այլ որոշումների շարք, որոնք վկայում են Վրաստանի քաղաքական տրամաբանության փոփոխության մասին։

Ըստ հոդվածագրի` իրավիճակը լարված է մնում վրացական սահմանին, որտեղ սեպտեմբերից ի վեր ադրբեջանցի վարորդները բախվում են համակարգված ուշացումների։

«Որոշ բեռնատարներ ամիսներ շարունակ չեն կարողանում անցնել մաքսային հսկողությամբ, իսկ հարևան երկրի իշխանությունները չեն ցուցաբերել ո՛չ քաղաքական կամք, ո՛չ էլ կառավարման հմտություններ՝ խնդիրը լուծելու համար», — ասված է հոդվածում։

«Թբիլիսիի վերջին քայլը, որը կատարվել է տարածաշրջանային տրանսպորտային ճարտարապետության քննարկման ֆոնին, թվում է ավելի անսպասելի։ Մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 28-ին, Գաբալայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման համատեղ հանձնաժողովների 12-րդ նիստը՝ փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի նախագահությամբ։ Տեխնիկական հարցերից բացի, կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները»,-նշվում է հոդվածում։

Հրապարակման համաձայն՝ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման համատեղ հանձնաժողովների 12-րդ նիստը՝ երկու երկրների փոխվարչապետերի նախագահությամբ։ Կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները։ Աղբյուրի համաձայն՝ գլխավոր հարցն ադրբեջանական նավթի և նավթամթերքի Հայաստան արտահանման հեռանկարն էր։ Երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային կապի բացակայությունը Վրաստանի տարածքով տարանցումը դարձնում է միակ ճանապարհը։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը Թբիլիսիին դիմել է Գարդաբանի-Սադախլո հատվածի սակագների ներկայացման առաջարկով։

«Վրաստանի արձագանքը մի տեսակ ցուցիչ դարձավ, ոչ միայն նրա առևտրային դիրքորոշման, այլև նրա քաղաքական մտածողության: Մեր տվյալներով, վրացական կողմն առաջարկել է 111 կմ երկարությամբ հատվածի համար $92 սակագին մեկ տոննայի դիմաց, ինչը կազմում է $0.82 տոննայի դիմաց մեկ կիլոմետրի համար։ Առաջին հայացքից սա կարող է ստանդարտ սակագին թվալ, բայց համեմատությունը ցույց է տալիս այլ պատկեր։

Համեմատության համար, Ադրբեջանի տարածքով 680 կմ հեռավորության վրա՝ Յալամա կայարանից մինչև Բոյուք-Քյասիք կայարան, նմանատիպ բեռի փոխադրումն արժե $17, այսինքն՝ $0.02 տոննայի դիմաց մեկ կիլոմետրի համար։ Սա 40 անգամ ցածր է առաջարկվող սակագնից։

Ավելին, հենց Վրաստանի ներսում նման բեռները փոխադրվում են $17-ով 360-396 կմ հեռավորության վրա, այսինքն՝ $0.04-0.05 մեկ կիլոմետրի դիմաց։ Այլ կերպ ասած, երբ տարանցումը շահավետ է Թբիլիսիի համար, սակագինը քսան անգամ ցածր է, քան Հայաստան տանող երթուղու համար առաջարկվողը։ Այստեղ տնտեսական տրամաբանությունը տեղը զիջում է քաղաքական ազդանշանին», — նշված է հոդվածում։

Հոդվածը եզրակացնում է, որ այսօր Վրաստանը փաստացի հակադրվում է խաղաղության և փոխշահավետ տնտեսական կապերի տարածաշրջանային կայուն ճարտարապետության ձևավորմանը։

«Թբիլիսին պետք է հասկանա, որ անհիմն արգելքների քաղաքականությունն անխուսափելիորեն հակաքայլեր է առաջացնում։ Երկիրը, որի տնտեսության մեջ Բաքուն տասնամյակներ շարունակ մշտապես ներդրումներ է կատարել և աջակցել, չունի այն հիմնավորումը, որ անտեսի Ադրբեջանի շահերը։ Պատասխանատվությունը պետությունների հասունության գլխավոր չափանիշն է, և Վրաստանը ներկայումս անցնում է այդ հասունության քննությունը», — ամփոփել է հոդվածագիրը։