«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընդունած նոր օրենքի ուժով՝ Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը մինչև 2026 թվականի մարտի 1-ը պարտավոր է ստեղծել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ «ամբողջական տեղեկատվական բազա»։
«Բազայի ստեղծման գործընթացին ակտիվորեն կներգրավվի Վրաստանի ներքին գործերի նախարարությունը», — նշված է պարզաբանման մեջ։
Օրենքում կատարված փոփոխությունների հարցը խորհրդարանն առաջին անգամ քննարկել է նոյեմբերի 25-ին և վերջնականապես ընդունել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 9-ին։
Ըստ այդ փոփոխությունների` Առողջապահության նախարարությունը մինչև մարտի 1-ը պետք է՝
- մշակի «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, ալկոհոլիզմով, թմրամոլությամբ կամ/և թունավոր նյութերի օգտագործմամբ հիվանդ անձանց միասնական տեղեկատվական բազա»,
- մշակի այդ բազայում տվյալների մուտքագրման չափանիշները,
- հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ տվյալներ ստանա «համապատասխան պետական և մասնավոր հաստատություններից» և ներառի դրանք «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, ալկոհոլիզմով, թմրամոլությամբ կամ/և թունավոր նյութերի օգտագործմամբ հիվանդ անձանց միասնական տեղեկատվական բազայում»։
Այս որոշումը հանրության շրջանում լայն քննարկման թեմա է դարձել. մասնագետները նշել են, որ սա մարդու անձնական տվյալների գաղտնիության խախտում է։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ այս որոշումը հակասում է օրենքին և սահմանադրությանը։ Ըստ հանրային նախկին պաշտպանի՝ որոշումը հակասում է մարդու իրավունքների չափանիշներին և հասարակությանը տանում է խորհրդային ժամանակներ, երբ նման տվյալներ էին հավաքվում` մարդկանց խարանելու նպատակով։
«Կան այս տվյալների անօրինական օգտագործման ռիսկեր, անձնական տվյալներն արդեն խոցելի են, նույնիսկ Անձնական տվյալների պաշտպանության տեսչության ինստիտուտը վերջերս վերացվեց։ Պետությունը կկարողանա անբարեխիղճ կերպով օգտագործել զգայուն տեղեկատվությունը ցանկացած պահի, ինչպես դա հաճախ է պատահում։ Դա կօգտագործվի կոնկրետ անձանց դեմ՝ վարկաբեկելու և խարանելու նպատակով»,- ընդգծեց Նանուաշվիլին։
Բժիշկ-նարկոլոգ Զուրաբ Սիխարուլիձեն, որը ներկայումս «Ֆեդերալիստներ» կուսակցության անդամ է, կարծում է, որ այս փոփոխությունը «մինչև վերջ կքանդի հոգեբուժությունն ու նարկոլոգիան» և կխախտի մարդկանց հիմնարար իրավունքները։
«Դե, մենք նաև ընդունեցինք նոր «գերնորարարական» օրենք՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց գրանցամատյանի և ընդհանուր տվյալների բազայի ստեղծումը։ Սա իսկապես «հիանալի» գաղափար է (հեգնանք-հեղ.). որն ամբողջությամբ կոչնչացնի հոգեբուժությունն ու նարկոլոգիան՝ միաժամանակ կոպտորեն խախտելով մարդկանց հիմնարար իրավունքները»,- գրել է նա։
Օրինագծի հեղինակներն օրենքի պարզաբանման մեջ փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորել են հետևյալ կերպ․
«Տեղեկատվության ժամանակին և վստահելի աղբյուրի բացակայության պայմաններում պետությունը պատշաճ կերպով չի իրականացնում հանրային անվտանգությանն ուղղված մեխանիզմների արդյունավետ գործառույթը»։
Որպես օրինակ կուսակցությունը նշել է․
«Խնդիր է հանդիսանում անձի առողջական վիճակի համապատասխանության պարզումը Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին այնպիսի կարևոր ծառայությունների իրականացման ժամանակ, ինչպիսիք են՝ «Զենքի մասին» Վրաստանի օրենքով նախատեսված լիցենզիայի (թույլտվության) տրամադրումը, ծառայողական-հաստիքային զենք կրելու իրավունքի շնորհումը, տրանսպորտային միջոց վարելու իրավունքի տրամադրումը և այլն»։
Սոցիալական աշխատողների անկախ արհմիությունը ևս քննադատել է «Վրացական երազանք»-ի ընդունած օրենսդրական փոփոխությունները, որոնք պահանջում են ստեղծել «միասնական տեղեկատվական բազա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, նաև ալկոհոլիզմով, թմրամոլությամբ և/կամ թունամոլոթյամբ տառապող անձանց համար»։
«Հոգեկան առողջությանը վերաբերող տեղեկատվությունն ամենազգայունն է և պատկանում է տվյալների հատուկ կատեգորիայի, որի մշակումն ուղղակիորեն և կոնկրետ կարգավորվում է օրենքով», — նշել է արհմիությունը։
Ըստ կազմակերպության՝ այս տվյալները հաճախ պարունակում են անձի ամենադժվար փորձառությունները՝ «տրավմա, սթրես, բռնություն, որոնց մասին նրանք հաճախ մեզ հայտնում են մեծ ջանքերի և փոխվստահության շնորհիվ»։
«Մենք շատ լավ գիտենք, որ Վրաստանում շատ մարդիկ խուսափում են հոգեբանին կամ հոգեբույժին այցելելուց՝ գոյություն ունեցող խարանի պատճառով։ Եթե կա վախ, որ նրանց մասին տեղեկությունը կարող է հայտնվել «կենտրոնական տվյալների բազայում» և հասանելի դառնալ հակաժողովրդավարական և հակամարդկային տոտալիտար ռեժիմին, որը չի կարող ապահովել նրանց անվտանգությունը, մարդիկ ընդհանրապես կհրաժարվեն աջակցությունից», — կարծում է արհմիությունը։
«Հոգեկան առողջությունը վերահսկողության գործիք չէ։ Դա պատժի կամ ենթարկեցման լծակ չէ, այլ անվտանգ, արժանապատվորեն և վստահորեն աջակցություն ստանալու իրավունք է մարդու համար», — ասված է կազմակերպության դեկտեմբերի 12-ին հրապարակած հայտարարության մեջ։
«Մենք՝ սոցիալական աշխատողների մասնագիտական միությունը, մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում հոգեկան առողջության և բարեկեցության մասին, և կարծում ենք, որ պետությունը պարտավոր է խթանել մարդկանց լիարժեք մասնակցությունը և ինտեգրումը հասարակությանը և չձեռնարկել քայլեր, որոնք խտրականություն, վախ կամ մեկուսացում են սերմանում նրանց նկատմամբ», — ասված է միության հայտարարության մեջ։
«Հոգեկան առողջության մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ, որոնք նախատեսում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գրանցամատյանի ստեղծում, որպես իրավաբան և փաստաբան, իր դիրքորոշումը ֆեյսբուքյան էջում հայտնել է Մարիկա Գերսամիան։
Փաստաբանն օրենսդրական փոփոխությունները համարում է սահմանադրական հիմնարար իրավունքների անհամաչափ սահմանափակում, միջազգային պարտավորությունների խախտում (CRPD, ECHR, GDPR, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկություններ)։
«Հոգեկան առողջության մասին տեղեկատվությունը պատկանում է տվյալների հատուկ կատեգորիայի։ Նման տվյալների կենտրոնացված պահպանումը բարձր ռիսկային է և չի համապատասխանում Եվրոպական Միության տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) բարձր չափանիշներին։
- Չի համապատասխանում համաչափության սկզբունքին։
- Իրավունքների պահպանումը և անվտանգության երաշխիքները անհասկանալի են։
- Անհրաժեշտության վերաբերյալ կենտրոնացված տվյալների բազայի օգտին համոզիչ փաստարկ չկա։
Կենտրոնացված տվյալների բազաները ստեղծում են բարձր ռիսկային միջավայր մարդու իրավունքների պաշտպանության առումով»,- նշել է Գերսամիան։
Նրա խոսքով, որոշումը մեծացնում է խտրականության, խարանի և սոցիալական մեկուսացման ռիսկերը` միաժամանակ սպառնալով անձնական տվյալների գաղտնիությանը, քանի որ հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է գաղտնի լինի.
«Տվյալների բազայում ընդգրկվելու վախից մարդիկ կարող են խուսափել մասնագիտական օգնություն ստանալուց, ինչը կսրի հոգեկան առողջության վատթարացման դեպքերը։ Կարող է դառնալ սոցիալական և քաղաքական վերահսկողության գործիք և օգտագործվել մարդկանց հետապնդելու կամ քաղաքականապես վարկաբեկելու համար։ Օգնություն ստանալը չպետք է դառնա մարդկանց համար պատիժ»։
Սոցիալական հոգեբան Մաիա Ցիրամուայի խոսքով՝ հոգեբանների, հոգեթերապևտների և հոգեբույժների համար հստակ է, թե ինչպես են երկրում աճում հոգեկան առողջության խնդիրների՝ անհանգստության, դեպրեսիայի, հետտրավմատիկ սթրեսային խանգարման ցուցանիշները։
Ըստ հոգեբանի՝ այդ միտումը նկատելի է 2020 թվականից ի վեր։ Դա կապված է Covid համավարակի և հետագա ժամանակահատվածում Վրաստանում զարգացած իրադարձությունների հետ՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակով, ամենալուրջ քաղաքական ճգնաժամի, անարդարության, անորոշության և անապահովության զգացողության, գոյաբանական սպառնալիքների, անընդհատ փոփոխությունների և այլնի հետ։
«Դեկտեմբերի 9-ին ընդունված օրենքը մեծ սպառնալիք է ներկայացնում բոլորի համար։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես և ինչ նպատակով է այս չափազանց զգայուն, անձնական տեղեկատվությունն օգտագործելու կառավարությունը, որը փորձում է խտրականություն դրսևորել»,- գրել է նա։
Կստեղծվի ալկոհոլիզմով և թմրամոլությամբ տառապող անձանց միասնական տվյալների բազա
Հոգեբանները «Հոգեկան առողջության մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին