Վրաստանի տնտեսական օրակարգում վերջին ամիսներին առանցքային տեղ է զբաղեցնում գնաճի թեման։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական վիճակագրությունը ժամանակ առ ժամանակ ցույց է տալիս գնաճի որոշակի դանդաղում, գների աճը շարունակում է մնալ հասարակական և սոցիալ-տնտեսական զգայուն հարցերից մեկը՝ հատկապես հաշվի առնելով դրա ազդեցությունը բնակչության իրական եկամուտների և գնումների կարողության վրա։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է շուրջ 4.8 տոկոս, իսկ դեկտեմբերին նվազել՝ հասնելով մոտ 4 տոկոսի։ Այս նվազումը վկայում է գնաճի տեմպերի որոշակի մեղմացման մասին, սակայն, ըստ ոլորտի մասնագետների, ընդհանուր ցուցանիշը շարունակում է մտահոգիչ մնալ։
Առավել անհանգստացնող է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը։ Տարեկան կտրվածքով այս խմբում արձանագրվել է զգալի բարձրացում։
Սննդամթերքի գնաճը պայմանավորված է միաժամանակ մի քանի գործոններով՝ ներառյալ արտադրական ծախսերի աճը, ներմուծվող ապրանքների առատությունը, նաև միջազգային շուկաներում սննդային հումքի գների տատանումները։
Սննդամթերքից հետո գնաճի վրա զգալի ազդեցություն է ունեցել առողջապահության ոլորտը։ Բժշկական ծառայությունների և դեղորայքի գների բարձրացումը վերջին ամիսներին շարունակական բնույթ է կրել՝ ավելացնելով սպառողական զամբյուղի ընդհանուր արժեքը։
Հիմնական գնաճի առումով, Geostat-ի տվյալներով, այս ցուցանիշը 2025 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 2%:
2025 թվականի դեկտեմբերին հիվանդանոցային ծառայությունները դարձել են ամենաթանկը, որին հաջորդում են տղամարդկանց կոշիկի նորոգումը և մեքենաների լվացումը։
Միաժամանակ, որոշ ոլորտներում գնաճը եղել է համեմատաբար քիչ կամ նույնիսկ գրանցվել է գների նվազում։ Տրանսպորտի, հագուստի և կապի ծառայությունների որոշ ենթախմբերում գների փոփոխությունը կամ չեզոք է եղել, կամ չի ունեցել էական ազդեցություն ընդհանուր սղաճի վրա։
Ներքին գնաճի առումով ներքին արտադրության ապրանքների տարեկան գնաճը կազմել է 6.2%: Ներքին գնաճը մեծապես պայմանավորված է հացի, տավարի մսի և պանրի գների աճով (ընդհանուր առմամբ` 3.3 տոկոսային կետով): Ծառայությունների գնաճը, որը ներքին գնաճի հիմնական բաղադրիչն է, մնում է նպատակային մակարդակից ցածր և դեկտեմբերին կազմել է 2.5%:
Վիճակագրության համաձայն բարձրացած գների թոփ 10 ծառայությունների ցանկը.
- Հիվանդանոցային ծառայություններ — 25.46%
- Տղամարդկանց կոշիկների նորոգում — 15.42%
- Մեքենայի լվացման վճար — 10.64%
- Բջջային հեռախոսների նորոգում — 10.1%
- Կանանց վարսահարդարում — 9.82%
- Տղամարդկանց մազերի կտրվածք — 9.49%
- Ստոմատոլոգիական ծառայություններ (ատամի հեռացում — 7%
- Տղամարդկանց հագուստի փոփոխություն — 6.06%
- Սանտեխնիկական ծառայություններ — 5.44%
- Հյուրանոցային ծառայությունների արժեք — 5.02%
Գնաճի պատճառների դիտարկման ժամանակ առանձնանում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններ։ Վրաստանի տնտեսությունը զգայուն է միջազգային շուկաների փոփոխությունների նկատմամբ։ Ներմուծման վրա հիմնված սպառումը, փոխարժեքային տատանումները, նաև գլոբալ գնային գործընթացներն ուղղակիորեն փոխանցվում են ներքին շուկա։
Միաժամանակ, ներքին մակարդակում դեր են խաղում արտադրական ծախսերի աճը, լոգիստիկ շղթաների թանկացումը և որոշ ոլորտներում պահանջարկի պահպանվող բարձր մակարդակը։
Այս պայմաններում Կենտրոնական բանկը շարունակել է պահպանել համեմատաբար խիստ դրամավարկային քաղաքականություն՝ նպատակ ունենալով զսպելու գնաճային ճնշումները։ Բարձր տոկոսադրույքները, մի կողմից, սահմանափակում են գների աճի արագացումը, մյուս կողմից ազդում են վարկավորման և տնտեսական ակտիվության վրա՝ ստեղծելով հավասարակշռման բարդ միջավայր։
Տվյալների մասին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում խոսել է Փաստերի ստուգման GeoFacts-ի վերլուծաբան Գիորգի Էլիզբարաշվիլին.
«Տարեկան գնաճը կազմել է 3.9%, ինչն ինքնին առանձնապես բարձր ցուցանիշ չէ, սակայն կարևոր է հաշվի առնել դրա կառուցվածքը․ մասնավորապես՝ սննդամթերքը թանկացել է 8.5%-ով, իսկ առողջապահական ծառայությունները՝ 8.1%-ով։
Սննդամթերքն առաջնային սպառման ապրանք է։ Ցածր եկամուտ ունեցող մարդիկ իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են սննդի վրա, և հենց դրա պատճառով նրանց համար կյանքի թանկացումը ավելի սուր է զգացվում, քան մյուսների դեպքում»,- ընդգծեց վերլուծաբանը։
Էլիզբարաշվիլին մանրամասնեց՝ կենսաթոշակները նախորդ տարի աճել են 8–11 տոկոսով, այսինքն՝ պաշտոնական գնաճից ավելի արագ տեմպերով, սակայն այս դեպքում ևս պետք է հաշվի առնել, որ կենսաթոշակառուների ծախսերի մեծ մասն ուղղվում է սննդին և դեղորայքին.
«Աշխատավարձերի աճի տեմպը նույնպես տարվա առաջին երեք եռամսյակում կազմել է 10–11 տոկոս, սակայն այստեղ ևս վիճակագրությունը ցույց է տալիս միայն միջին աճը։ Նրանք, ում աշխատավարձը չի աճել, փաստացիորեն բախվել են իրենց իրական տնօրինելի եկամտի նվազմանը»։
Գնաճի սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նշեց վերլուծաբանը, առավել ակնառու է դառնում աշխատավարձերի և կենսաթոշակների դինամիկայի համատեքստում։ Վերջին տարիներին արձանագրվել են աշխատավարձերի և սոցիալական վճարների որոշակի բարձրացումներ, սակայն դրանց տեմպերը հիմնականում չեն համընկել սպառողական գների աճի հետ։ Արդյունքում, աճը միշտ չէ, որ վերածվել է իրական եկամուտների բարձրացման։
Սոցիալական հարթակներում քաղաքացիները, նաև ուսուցիչները հաճախ են բարձրաձայնում վերոնշյալի մասին, նրանց խոսքով՝ հաճախ է լսվում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին խոսակցություններ, կարծես սա էական առաջընթաց լինի, սակայն, նրանց խոսքով, իրականությունը բոլորովին այլ է.
«500 լարի անվանական բարձրացումից ուսուցչին մնում է մոտ 390 լարի, քանի որ գումարից հանվում է 20% եկամտային հարկ և 2% կենսաթոշակային վճար։
Նույն ժամանակահատվածում՝ 2024-2025 թվականներին առօրյա անհրաժեշտ ապրանքների գները զգալիորեն աճել են։ Սա նշանակում է, որ ընտանեկան հիմնական ծախսերը՝ սնունդ, տրանսպորտ, կոմունալ վճարներ, աճում են շատ ավելի արագ, քան ուսուցչի իրական եկամուտը։
Արդյունքում, ուսուցիչներն այսօր իրականում ավելի լավ վիճակում չեն, քան անցյալ տարի՝ չնայած աշխատավարձի պաշտոնական բարձրացմանը»,- գրել են նրանք։
Ըստ փորձագետների՝ հաշվի առնելով գնաճը և վրացական լարիի փոխարժեքը, կարելի է ասել, որ վերջին տարիների ընթացքում կենսաթոշակը գործնականում չի ավելացել:
Տնտեսագետների կարծիքով՝ կենսաթոշակի վերջին տարիների բարձրացումը միայն ձևական է, արտացոլվում է թվերով, սակայն իրականում 2012 թվականից («Վրացական երազանք»-ի կառավարման տարիներ) ի վեր մնացել է անփոփոխ, չի բարձրացել։
Դեռ անցյալ տարվանից, հաշվի առնելով ապրանքների և դեղերի թանկացումը, տնտեսագետները «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշել էին, որ կենսաթոշակի բարձրացումը հասել է նույն կետին, ինչ 2012 թվականին էր։
Հիշեցնենք, 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բյուջեի նախագիծը, որը նախատեսում է կենսաթոշակների, նաև պաշտոնյաների ու դատավորների աշխատավարձերի ավելացում։
Խորհրդարանի կայքում արդեն տեղադրված է 2026 թվականի բյուջեի փաստաթուղթը, ըստ որի` կենսաթոշակը կավելանա.
- 70 տարեկանից փոքր թոշակառուների համար՝ 20 լարիով (մինչև 370 լարի),
- 70 տարեկան և ավելի տարեց անձանց համար՝ 45 լարիով (մինչև 495 լարի։
Միաժամանակ, նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի աշխատավարձը կաճի 1400 լարիով և կդառնա 16 հազար լարի։
Խորհրդարանի փոխնախագահի աշխատավարձը կաճի 1260 լարիով և կդառնա 14 հազար 400 լարի. ավելին կարդացեք այստեղ։
Տնտեսագիտական հաշվարկներով՝ այն դեպքերում, երբ աշխատավարձերի կամ կենսաթոշակների աճը զիջում է գնաճի մակարդակին, բնակչության իրական գնողունակությունը նվազում է կամ մնում անփոփոխ։ Այդ պատճառով աշխատավարձերի և կենսաթոշակների աճը գնաճային միջավայրում հաճախ դիտարկվում է որպես վիճակագրական, այլ ոչ թե իրական բարելավում։
Ոլորտի մասնագետների կարծիքով, ընդհանուր առմամբ, Վրաստանում գնաճի ներկայիս պատկերը բնութագրվում է հարաբերական կայունությամբ թվային առումով, սակայն սոցիալական ազդեցության տեսանկյունից` կառուցվածքային անհավասարակշռությամբ։