«Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեին «սաբոտաժի գործով» որպես խափանման միջոց է սահմանվել 30 հազար լարի գրավը:
Գիորգի Վաշաձեից նաև պահանջել են հանձնել անձնագիրն ու նույնականացման քարտը: Որոշումը երեկ՝ հունվարի 26-ին, կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Մզիա Գարշաուլիշվիլին:
Գիորգի Վաշաձեն բանտից դուրս էր եկել 4 օր առաջ՝ հունվարի 23-ին: Նախկինում դատավոր Նինո Գալուստաշվիլին նրան դատապարտել էր 7-ամսյա ազատազրկման՝ «Վրացական երազանք»-ի խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննիչ հանձնաժողովին չներկայանալու համար:
Վաշաձեն հայտարարել է, որ կվճարի գրավը:
Գիորգի Վաշաձեի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի առաջին մասով և 319-րդ հոդվածով՝ սաբոտաժի և օտարերկրյա պետությանը թշնամական գործունեության մեջ օգնելու մեղադրանքով, ինչը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում:
Բացի Վաշաձեից, «պետության դեմ ուղղված հանցագործության» մեղադրանքով քրեական հետապնդում է սկսվել ընդդիմության ևս 7 առաջնորդների նկատմամբ։