ԱՄՆ պետդեպարտամենտը մշտական է դարձրել վիզային դեպոզիտի (Visa Bond) ծրագիրը, որի համաձայն` 50 երկրի քաղաքացիներ, նրանց թվում՝ Վրաստանի, ԱՄՆ վիզա հայցելիս ստիպված են դեպոզիտ վճարել։
Այս հարցի առնչությամբ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը լրացուցիչ պարզաբանում է արել։
«Վիզային դեպոզիտի ծրագիրը մշտական է դարձել բոլոր այն երկրներում, որտեղ գործում էր, այդ թվում՝ Վրաստանում։ Վրաստանի քաղաքացի հանդիսացող բոլոր դիմորդները, որոնց B1/B2 վիզան կհաստատվի, պետք է վճարեն 10 հազար, 15 հազար կամ 20 հազար ԱՄՆ դոլարի չափով դեպոզիտ։ Նախապես դեպոզիտ մի՛ վճարեք։ Հարցազրույցի ընթացքում հյուպատոսական աշխատակիցը ձեզ հրահանգներ կտա դեպոզիտի վճարման վերաբերյալ։
Խնդրում ենք հիշել․ վիզային հայտերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրը ԱՄՆ կառավարությունն է։ Ներկայացված ցանկացած տեղեկություն, որը չի տարածվում ԱՄՆ կառավարության աղբյուրից, ճշգրտման կարիք ունի», — նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Հատկանշական է, որ Visa Bond-ի ծրագիրը ԱՄՆ պետդեպարտամենտը գործարկել է 2025 թվականի օգոստոսին, իսկ Վրաստանը ծրագրում ընդգրկվել է 2026 թվականի ապրիլի 2-ին։ Ծրագրի շրջանակներում հյուպատոսական աշխատակիցը կարող է կոնկրետ դիմորդից պահանջել վիզային երաշխիքի (Visa Bond) ներկայացում։ Նոր զբոսաշրջային/բիզնես վիզաները կտրամադրվեն միայն մեկանգամյա մուտքի համար՝ 3 ամիս վավերականության ժամկետով, իսկ ԱՄՆ-ում գտնվելու առավելագույն պաշտոնական ժամկետը 30 օր է։
Դեպոզիտի գումարը դիմորդին կվերադարձվի այն դեպքում, եթե վիզան ստանալուց հետո նա լիովին պահպանի վիզային պայմանները և երկիրը լքի սահմանված ժամկետում։