Վենսի անդրկովկասյան այցի արտացոլումը վրացական մամուլում. հանրային քննարկումներ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հարավկովկասյան շրջագայությունը, որն ընդգրկեց Երևանն ու Բաքուն, վրացական լրատվական և փորձագիտական տիրույթում հարուցել է բազմաշերտ քննարկումներ։ Վրաստանի բացակայությունը բարձրաստիճան հյուրի օրակարգից դարձել է մի քանի առանցքային հարցադրումների առիթ՝ կապված տարածաշրջանային նոր դերաբաշխման, տնտեսական միջանցքների և Վաշինգտոն-Թբիլիսի հարաբերությունների ներկա փուլի հետ։

Վրացական որոշ լրատվամիջոցներ այս այցը դիտարկում են Վաշինգտոնից իրականացվող «ռեգիոնալ վերանայման» համատեքստում։

Պարբերականները շեշտում են, որ Վրաստանը տասնամյակներ շարունակ եղել է ԱՄՆ-ի «արտոնյալ» գործընկերը, սակայն Վենսի այցը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է ուղղակի և ռազմավարական գործարքների մեջ մտնել հարևանների հետ՝ առանց Թբիլիսիի միջնորդության կամ ներգրավվածության։

Նշվում է «Վրացական երազանք»-ի նախնական դիրքորոշման մասին. մասնավորապես՝ մինչև ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան ժամանելը, փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ջ.Դ. Վենսը կայցելի Հարավային Կովկասի երկու երկրներ՝ «մեր խաղաղության ջանքերն ամրապնդելու և Թրամփի «Միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP) նախագիծն առաջ մղելու համար»։

Քանի որ այս նախագիծը չի ներառում Վրաստանը, «Վրացական երազանք»-ի կառավարությունը հայտնել էր, որ Վրաստանը, բնականաբար, այն համապատասխան վայրը չէ ԱՄՆ փոխնախագահի շրջագայության ծրագրում, «տրամաբանական է, որ այցի հասցեատերը երկու երկիր է», — լրագրողներին ասել էր Իրակլի Կոբախիձեն նախքան Վենսի Հայաստան և Ադրբեջան ժամանելը։

Իշխող կուսակցությունից անջատված և միաժամանակ դաշնակից «Ժողովրդական իշխանություն» կուսակցության ներկայացուցիչ Գուրամ Մաճարաշվիլիի խոսքով՝ այցն ինքնին որևէ հատուկ բան չի նշանակում։ «Ո՛չ ողջույնները, ո՛չ էլ այցը որևէ բան չեն բերի այս երկրին… Շատ բաներ կպատահեն, որոնք կլինեն Վրաստանում և չեն լինի Ադրբեջանում… Ի՞նչ արդյունք եղավ, երբ Ջորջ Բուշը 2005 թվականին եկավ»,– այսպես է Մաճարաշվիլին պատասխանել փետրվարի 9-ին Ջ.Դ. Վենսի շրջագայության վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին։

«Մենք Վրաստանի շահերը չենք փոխանակի ո՛չ ձեռքսեղմումներով, ո՛չ այցելություններով», – սա նույնպես Մաճարաշվիլիի խոսքն է։

Հատկանշական է, որ 2024 թվականի դեկտեմբերին, երբ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ժամանել էր Վրաստան, Գուրամ Մաճարաշվիլին ասել էր, որ դա իր հակառակորդների համար «աղետի կոչ» էր, քանի որ նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը Վրաստան «մի կողմից ընդգծում է լեգիտիմությունը, մյուս կողմից ճանապարհ է հարթում է Եվրամիության հետ հարաբերությունների վերագործարկման համար»։

Հայաստանը դարձել է ԱՄՆ ռազմավարական գործընկեր 2025 թվականի սկզբին։ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության խարտիան Բաքվում փետրվարի 10-ին ստորագրել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դ. Վենսն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Վերլուծաբանները նշում են, որ սա ավելի շուտ «պրագմատիկ շրջանցում» է՝ կապված Վրաստանում ընդունված վիճահարույց օրենքների և Արևմուտքի հետ լարվածության հետ։

Վրացական որոշ մեդիահարթակներ հիմնական ուշադրությունը հրավիրում են այն նյութական ձեռքբերումներին, որոնք ստացան Հայաստանն ու Ադրբեջանը, և որոնցից առայժմ զուրկ է մնում Վրաստանը։ Դրանք են Nvidia Blackwell չիպերի և SMR (փոքր մոդուլային ռեակտորներ) տեխնոլոգիաների գործարքները։ Ըստ նրանց վերլուծության՝ սա նշանակում է, որ Հայաստանը վերածվում է տարածաշրջանային տեխնոլոգիական հաբի, ինչը նախկինում Վրաստանի հավակնությունն էր։ Վրացական սոցիալական տիրույթում և հանրային քննարկումներում Վենսի այցը հարևան երկրներ առաջացրել է միմյանցից խիստ տարբերվող, երբեմն հակասական արձագանքներ։

Հանրության մի հատվածի քննարկման գլխավոր թեման տարանցիկ միջանցքների հարցն է։ Քաղաքացիները փորձում են հասկանալ՝ արդյո՞ք ԱՄՆ-ից առաջ մղվող նոր տնտեսական երթուղիները կլրացնեն Վրաստանի տարանցիկ դերը, թե՞ կստեղծեն մրցակցային նոր իրողություն։ Հասարակական հարթակներում հաճախ է հնչում այն հարցադրումը, թե ինչպես կարող է Վրաստանը պահպանել իր առանցքային դիրքը տարածաշրջանային նախագծերում։

Հասարակության մի մասը Վենսի այցը դիտարկում է որպես առիթ՝ վերանայելու Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև առկա դիվանագիտական հաղորդակցությունը։ Սոցիալական ցանցերում հաճախ են հանդիպում կարծիքներ այն մասին, որ Վրաստանին անհրաժեշտ է ավելի ակտիվ ներկայացնել իր շահերն ամերիկյան նոր վարչակազմին՝ տարածաշրջանային խոշոր ծրագրերից դուրս չմնալու համար։

Այլ լրատվամիջոցներ, որոնց թվում, օրինակ, TV Imedi-ն, Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան մեկնաբանում է որպես ԱՄՆ փորձ՝ կայունացնել հակամարտող կողմերի հարաբերությունները, ինչը բխում է նաև Վրաստանի շահերից։

Մեդիահարթակները քննարկում են «Թրամփի երթուղու» (TRIPP) ազդեցությունը Վրաստանի տարանցիկ ներուժի վրա։

Վերլուծաբանների շրջանակը, հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ նշում են, որ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ՝ առևտրի, էներգետիկայի և տարանցման շուրջ, և Վաշինգտոնն ուղղակիորեն ներգրավվում է այս գործընթացում, իսկ թե որտեղ է Վրաստանը՝ պարզ չէ. նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն վերաձևակերպում է իր ներգրավվածությունը տարածաշրջանում՝ հիմնվելով նոր գործընկերների և նոր առաջնահերթությունների վրա։

Այս թեմայով ավելի մանրամասն կարդացեք ստորև.

Վրաստանը Վենսի տարածաշրջանային այցի լուսանցքում. արձագանքներ