Իշխանության ներդրած համակարգի չճանաչումը` քրեական հանցագործություն

«Վրացական երազանք»-ի  խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում «Դրամաշնորհների մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ կառավարության ներդրած համակարգին չենթարկվելուն առնչվող հոդվածներ են ավելացվում Քրեական օրենսգրքում:

Քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածին (Պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները) որպես ծանրացուցիչ հանգամանք ավելացվում է 316-րդ պրիմ հոդվածը՝ «Էքստրեմիզմ Վրաստանի սահմանադրական կարգի դեմ», որը նախատեսում է.

քրեական հետապնդում, եթե Վրաստանի քաղաքացին կամ Վրաստանում կարգավիճակ ունեցող քաղաքացիություն չունեցող անձը դիմում է օրենսդրության զանգվածային խախտման, Վրաստանի պետական մարմիններին զանգվածային անհնազանդության, Վրաստանի իշխանության այլընտրանքային մարմինների ստեղծման համակարգված և հրապարակային կոչերի կամ այլ համակարգված գործողության, և սույն մասով նախատեսված գործողություններից որևէ մեկն ուղղված է Վրաստանի Սահմանադրության, սահմանադրական կարգի, մարմինների ոչ լեգիտիմության մասին ընկալման հաստատմանը և վնասում է Վրաստանի շահերը կամ ստեղծում է շահերի վնասման իրական սպառնալիք։

• Որպես պատիժ նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք:

• Իրավաբանական անձը պատժվում է լուծարմամբ և/կամ տուգանքով:

Փոփոխություններ կկատարվեն նաև Վարչական օրենսգրքում. վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք կլինի իրավախախտումը Վրաստանի Սահմանադրության կամ սահմանադրական մարմինների չճանաչման դրդապատճառով: