Բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ծրագրերի կրեդիտների առավելագույն քանակը

Վրաստանի կրթության նախարարությունը սահմանել է բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ծրագրերի կրեդիտների առավելագույն քանակը։ Համապատասխան հրամանը նախարարի ստորագրությամբ հրապարակվել է փետրվարի 20-ին։

Հրամանի համաձայն՝ բակալավրիատի կրթական ծրագրով կրեդիտների առավելագույն քանակը սահմանվել է 180-ից մինչև 200 կրեդիտ: Մինչ այս փոփոխությունը` բակալավրիատի կրեդիտների քանակը 240 էր։
Այնուամենայնիվ, կան բացառություններ։ Բակալավրիատի կրթական ծրագրի կրեդիտների առավելագույն քանակը սահմանվում է 240 կրեդիտից ոչ ավելի, եթե, օրինակ՝

  • Ծրագիրը հավատարմագրված է որպես միջազգային համատեղ բակալավրիատի կրթական ծրագիր
  • Համատեղ բակալավրիատի կրթական ծրագիրն ունի օտարերկրյա կազմակերպության հավատարմագրում
  • Ծրագիրն իրականացնում է ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունը
  • Ծրագիրն իրականացնում է ուղղափառ աստվածաբանական բարձրագույն ուսումնական հաստատությունը
  • նաև մի շարք ոլորտներում՝ դեղագործություն, էլեկտրաէներգիա, մեխանիկա և մետաղագործություն, սննդի վերամշակում, լեռնահանքային գործ, ճարտարապետություն, շինարարություն, շարժիչային տրանսպորտային միջոցներ, նավեր և օդանավեր, կերպարվեստ, երաժշտություն, թերապիա և վերականգնողական բժշկություն, առողջապահություն, կենսաբանություն, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաքիմիա, երկրագիտություն։

Ինչ վերաբերում է մագիստրատուրայի կրթական ծրագրերին, ապա այստեղ կրեդիտների առավելագույն քանակը սահմանվել է 60 կրեդիտից ոչ պակաս, սակայն կարող է լինել 120 կրեդիտից ոչ պակաս, եթե բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկին.

  • Համատեղ մագիստրոսական ծրագիրն ունի օտարերկրյա կազմակերպության հավատարմագրում, որի ճանաչումն իրականացրել է կենտրոնը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով
  • Կրթական ծրագիրը հավատարմագրված է որպես միջազգային համատեղ մագիստրոսական ծրագիր
  • Ծրագիրն իրականացնում է ուղղափառ աստվածաբանական բարձրագույն ուսումնական հաստատությունը
  • Ծրագիրը վերաբերում է որոշակի ոլորտների, այդ թվում՝ դեղագործություն, մեխանիկա և մետաղագործություն, սննդի վերամշակում, լեռնահանքային գործ, ճարտարապետություն, շինարարություն, կերպարվեստ, երաժշտություն, թերապիա և վերականգնողական բժշկություն, առողջապահություն, նաև շարժիչային տրանսպորտային միջոցներ, նավեր և օդանավեր։

Դոկտորանտուրայի կրթական ծրագրի տևողությունը սահմանվում է առնվազն 3 տարի, իսկ դրա ուսումնական բաղադրիչը ներառում է 60 կրեդիտից ոչ ավելի:

Տեղեկացնենք, որ խորհրդարանը նախորդ տարեվերջին հաստատել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են բակալավրիատի ծրագրերի կրճատում մինչև 3 տարի, իսկ մագիստրատուրայինը՝ մինչև 1 տարի։