Ձեռագործ իրերի պատրաստում, կար. Ախալքալաքի կանայք բիզնեսի ճանապարհին

Սամցխե-Ջավախեթիում կանանց տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ մարտահրավեր, հատկապես գյուղական համայնքներում։ Ախալքալաքում գործող Մեծահասակների զարգացման կենտրոնը փորձում է փոխել այս իրականությունը՝ կազմակերպելով հուշանվերների պատրաստման և պայուսակների կարի անվճար դասընթացներ։

Կենտրոնի ղեկավար Շորենա Թեթվաձեն պատմում է, որ ծրագրի հիմնական առանձնահատկությունը ձեռագործությունն է․

«Մեզ մոտ արտադրանքն ամբողջությամբ ձեռագործ է։ Եթե խոսում ենք կտորի մշակման մասին, ապա դա ամբողջությամբ ձեռքով է արվում։ Ասեղնագործությունն ու կարը նույնպես ձեռքով են արվում։ Մենք չենք համեմատում դա այսօրվա զանգվածային արտադրության հետ»։

Նրա խոսքով՝ ձեռագործ արտադրանքի արժեքը պայմանավորված է աշխատանքի ծավալով և անհատական մոտեցմամբ․

«Ձեռագործը միշտ ավելի թանկ է, որովհետև շատ աշխատատար է։ Գաղափարը, ժամանակը, անհատական աշխատանքը՝ ամեն ինչ իր գինն ունի։ Իսկ պատրաստի, զանգվածային արտադրանքը, բնականաբար, ավելի էժան է»։

Դասընթացները բազմակողմանի են՝ ասեղնագործություն, հյուսք, կարի հմտություններ։ Շորենա Թեթվաձեն ընդգծում է, որ ծրագիրը բաց է բոլորի համար․

«Մենք տարիքային սահմանափակում չունենք։ Մեծահասակների կրթության կենտրոնում ոչ ֆորմալ կրթությունն անվճար է։ Սա մեծ պլյուս է այստեղ եկող կանանց համար։ Յուրաքանչյուր դասընթաց եռակողմանի է՝ տեսական, գործնական և փորձի փոխանակման ձևաչափով»։

Նյութերը հիմնականում բերվում են Թբիլիսիից։ Օգտագործվում են բնական թելեր՝ բամբակյա, բրդյա և մետաքսե։

«Մենք աշխատում ենք բնական թելերով։ Բրդյա թելը պատրաստվում է բամբակից, ունենք նաև մետաքսե տեսակներ։ Մետաքսը, իհարկե, արժեքավոր է և էժան չէ, բայց որակը բոլորովին այլ մակարդակի է»,– նշում է նա։

Խոսելով տարածաշրջանի կանանց սոցիալական իրավիճակի մասին՝ Թեթվաձեն ընդգծում է տարբերությունները քաղաքի և գյուղի միջև․

«Տարածաշրջանում կանայք ավելի պասիվ ու ինքնամփոփ են։ Գյուղական բնակավայրերում սա հատկապես նկատելի է։ Երեխաների խնամքը մեծ խնդիր է, գումարած՝ ֆինանսական անկայունությունը։ Շատ կանայք կախված են տղամարդկանցից, որովհետև տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, և ընտանիքը սպասում է՝ երբ գումար կուղարկեն»։

Նրա խոսքով՝ քաղաքներում կրթությունն ավելի հասանելի է, սակայն աշխատանքի տեղավորման խնդիրը շարունակում է արդիական մնալ․
«Քաղաքում կրթությունը հասանելի է, բայց դա չի նշանակում, որ աշխատանք գտնելը հեշտ է։ Իսկ գյուղում կանայք հաճախ նույնիսկ հոբբին կրթության վերածելու հնարավորություն չեն ունենում»։

Մեծահասակների զարգացման կենտրոնի նախաձեռնությունը, ըստ Շորենա Թեթվաձեի, նպատակ ունի կանանց տալու ոչ միայն հմտություններ, այլև ինքնավստահություն․

«Մենք ուզում ենք, որ կանայք հասկանան՝ կարող են ստեղծել իրենց սեփական արտադրանքը, ձևավորել փոքր բիզնես և անկախանալ ֆինանսապես»։