Վրաստանում պլաստիկ շշերով ջրի, հյութերի, գազավորված ըմպելիքների և ալկոհոլի լցնումը պետք է արգելվի 2027 թվականի փետրվարի 1-ից: Որոշումն ընդունվել է մարտի 12-ին, սակայն «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ հնարավոր է վերանայեն որոշումը:
«Ես կապ եմ հաստատել և անձամբ խոստացել ոլորտի ներկայացուցիչներին, որ վերջնական որոշում չի կայացվի, քանի դեռ նրանց հետ վերջնական խորհրդակցություններ չենք անցկացրել», — ասել է նա կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով BMG-ի լրագրողի հարցին:
Նա նաև նշել է, որ պլաստիկ շշերով ըմպելիքների լցնումն արգելելու որոշումն ընդունվել է շրջակա միջավայրին հասցվող վնասը և դրանից բխող ծանր հիվանդությունները նվազեցնելու համար: Այնուամենայնիվ, որոշումը կարող է վերանայվել:
«Դեռ շատ ժամանակ կա… կարող է հետաձգենք, կարող է՝ փոխենք: Մենք բացարձակապես բաց ենք, չենք ուզում վնասել բիզնեսի շահերին: Չենք ուզում նաև համապատասխան ապրանքների թանկացում, հետևաբար կլինի այնպիսի որոշում, որը հավասարապես կպաշտպանի մարդու առողջությունը, շրջակա միջավայրը և, մյուս կողմից, բիզնեսի շահերն ու գների չբարձրացման խնդիրը», — հայտարարել է նա: