Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի վախճանից հետո Վրաց Ուղղափառ Եկեղեցում գործի է դրվել նոր առաջնորդի ընտրության ընթացակարգը։
Վրաց Ուղղափառ Եկեղեցու կառավարման կանոնադրության համաձայն՝ Պատրիարքական գահի թափուր մնալու պահից Եկեղեցին ղեկավարում է Պատրիարքի նշանակած տեղապահը՝ Սենակիի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիո Մուջիրին։
Գործընթացի սկզբնական փուլում տեղապահը՝ Սուրբ Սինոդի անդամների ներկայությամբ, պետք է բացի հանգուցյալ առաջնորդի կտակը, որը պետք է պաշտոնապես հաստատի տեղապահի ինքնությունը և սահմանի անցումային շրջանի վարչական շրջանակը։
Կանոնադրությունը Պատրիարքի թեկնածուի համար սահմանում է մի քանի հիմնարար պահանջ.
• Թեկնածուն անպայման պետք է լինի Վրաց Ուղղափառ Եկեղեցու սպասավոր՝ եպիսկոպոս, արքեպիսկոպոս կամ մետրոպոլիտ;
• Պետք է լինի ազգությամբ վրացի;
• Պետք է ունենա աստվածաբանական կրթություն և եկեղեցական կառավարման բավարար փորձ;
• Տարիքային շեմը սահմանված է 40-ից մինչև 70 տարեկան։ Ներկայիս տվյալներով՝ տարիքային վերին շեմը վերաբերում է Սինոդի մի շարք անդամների, այդ թվում՝ մետրոպոլիտ Գիորգի Շալամբերիձեին։
Ընտրությունների ժամկետները խստորեն սահմանված են. Պատրիարքական գահի թափուր մնալուց 40 օր հետո, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, տեղապահը հրավիրում է Վրաց Եկեղեցու ընդլայնված ժողով։ Մինչ այդ տեղապահը պետք է գումարի Սուրբ Սինոդի նիստ, որտեղ փակ քվեարկությամբ կընտրվի երեք թեկնածու։ Սինոդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու մեկ թեկնածու, այդ թվում՝ հենց իրեն։ Ձայների մեծամասնություն ստացած երեք սրբազանները կմասնակցեն ընդլայնված ժողովի քվեարկությանը, որտեղ կկայացվի վերջնական որոշումը։
Ընդլայնված ժողովը ներկայացուցչական մարմին է, որը կազմված է Սինոդի բոլոր անդամներից, թեմերի, վանքերի, հոգևոր ակադեմիաների և ճեմարանների պատվիրակներից։ Չնայած քննարկումներին մասնակցելու իրավունք ունեն բոլոր պատվիրակները, սակայն բուն ընտրություններում ձայնի իրավունքից օգտվում են միայն եպիսկոպոսները։
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք ընտրված է համարվում այն թեկնածուն, որը կհավաքի եպիսկոպոսների ձայների կեսից ավելին։ Անհրաժեշտության դեպքում անցկացվում է երկրորդ փուլ՝ լավագույն արդյունք ունեցող երկու թեկնածուների միջև։
Նոր առաջնորդի ընտրությունը կորոշի Եկեղեցու ուղին առաջիկա տասնամյակների համար։ Այս պահին Պատրիարքարանի վարչակազմն աշխատում է անցումային ռեժիմով՝ ընտրական ժողովի լեգիտիմ անցկացումն ապահովելու համար։ Նոր Պատրիարքի գահակալությունը (ինտրոնիզացիան) տեղի կունենա ընտրություններից անմիջապես հետո՝ Մցխեթայի Սվետիցխովելի Մայր տաճարում, և պաշտոնապես կավարտվի անցումային շրջանը։