«Վրացական երազանք»-ը չի միջամտի Պատրիարքի ընտրության գործընթացին

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ իրենք չեն միջամտի Պատրիարքի ընտրության գործընթացին։
«Իմեդի LIVE»-ի եթերում նա ասել է, որ Պատրիարքի ընտրության գործընթացը պետք է լինի անկախ, և բոլորը պետք է դա վստահեն Սուրբ Սինոդին։

«Կառավարությունը չպետք է միջամտի այս գործընթացին։ Սա Սուրբ Սինոդի գործն է և Սինոդի անդամների որոշումը։ Հենց այդպես էլ վարվում ենք, ինչը չենք կարող ասել մեր քաղաքական ընդդիմախոսների մասին։ Նույնը չենք կարող ասել նրանց հեռուստաընկերությունների, ներկայացուցիչների, այսպես կոչված՝ փորձագետների ու ՀԿ-ների մասին, որոնք արդեն սկսել են մի արշավ, որն ունի հակաքարոզչության երանգ։ Սա ցույց է տալիս նրանց վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ։

Եթե որևէ մեկը փորձում է միջամտել այս գործընթացին, դրանք հենց մեր ընդդիմախոսներն են։ Նրանք ուղղակի հակաքարոզչություն են սկսել Պատրիարքի ընտրության գործընթացի հետ կապված, ինչը, բնականաբար, անառողջ երևույթ է։ Բոլորին պետք է կոչ անենք առավելագույնս զերծ մնալ մի գործի միջամտելուց, որն իրենց բացարձակապես չի վերաբերում։

Դրանով նրանք ուղղակիորեն փորձում են նվազեցնել Պատրիարքի բացառիկ դերն ու նրա առանձնահատուկ իմաստնությունը։ Սա է նրանց նպատակը։ Դա էր նրանց նպատակը նաև անցած տարիների ընթացքում, և այդ նպատակը, ցավոք, նրանց համար այսօր էլ արդիական է։ Պատրիարքի ընտրության հետ կապված գործընթացը պետք է լինի բացարձակ անկախ, և բոլորը պետք է այդ ամենը վստահեն Սուրբ Սինոդին, որն էլ կայացնում է որոշումը»,- հայտարարել է վարչապետը։

Ինչպես է ընտրվում նոր Կաթողիկոս-Պատրիարքը