Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Թբիլիսիում ձերբակալվել են նեոնացիստական խմբավորման անդամներ։ Լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել արդեն բանտում գտնվող չորս անձանց։
Ձերբակալվել է 13 մարդ, նրանց թվում՝ 7 անչափահաս։
Քննության տվյալներով՝ նրանք «առանձնահատուկ դաժանությամբ» հարձակվել են տարբեր տարիքի մարդկանց վրա, որոնց մի մասը` անչափահասներ։
Մարտի 30-ին Ներքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն ասել է, որ ձերբակալվածները իրենց անվանում են «նեոնացիստներ» և «առաջնորդվում են ֆաշիստական գաղափարախոսությամբ»։
Սիրաձեի խոսքով՝ վայրագությունների նպատակն էր «տեղեկացնել հասարակությանը, տարածել ֆաշիստական գաղափարախոսությունը և մեծացնել նեոնացիստական ցանցի ներկայացուցիչների ազդեցությունը»։