Վրաստանի խորհրդարանը 85 ձայնով երրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել 2026-2027 ուսումնական տարում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաների ընդունելությանը 1-ին դասարան։
«Հանրակրթության մասին» Վրաստանի օրենքում կատարվելիք փոփոխությունը խորհրդարանում քննարկվել է արագացված կարգով, և այսօր երկու լիագումար նիստերի ընթացքում ընդունվել է երկրորդ և երրորդ ընթերցմամբ։
Փոփոխության համաձայն՝ 2026-2027 ուսումնական տարում հանրակրթության տարրական աստիճանում ուսումը սկսելը, ծնողի որոշմամբ, կամավոր կարող է նաև այն անձը, որի 6 տարին կլրանա 2026 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի ձեռնարկած կրթական բարեփոխումների շրջանակներում երեխաները, որոնց 6 տարին կլրանա 2026 թվականի սեպտեմբերի 15-ից հետո, առաջին դասարանում գրանցվելու հնարավորություն այլևս չունեին։
Այս փոփոխությունների հետ կապված փետրվարին խորհրդարանը ստացել էր ծնողների խնդրագիրը՝ «2026-2027 ուսումնական տարում առաջին դասարանցիների տարիքային շեմի փոփոխության վերաբերյալ անցումային դրույթ (բացառություն) նախատեսելու մասին»։ Փետրվարի 20-ին կրթության հանձնաժողովը դեմ էր քվեարկել անցումային դրույթի կիրառմանը։
Ավելի ուշ՝ մարտի 3-ին, կրթության նախարար Գիվի Միքանաձեն հայտարարություն արեց, ըստ որի` 2026-2027 ուսումնական տարում մեկանգամյա կարգով, որպես բացառություն, առաջին դասարանում գրանցվել կկարողանան նաև այն երեխաները, որոնց 6 տարին կլրանա մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։