Եվրախորհրդի փորձագետների գնահատականը Վրաստանում ընդունված օրենքների մասին

Եվրոպայի խորհրդի փորձագետների խումբը կարծում է, որ նպատակահարմար կլինի չեղարկել «Վրացական երազանք»-ի մարտի սկզբին ընդունած օրենքները։

Այս տեսակետը նրանք հայտնել են այսօր՝ ապրիլի 1-ին հրապարակված գնահատականում։

Փորձագետների խորհուրդը գնահատել է «Դրամաշնորհների մասին» օրենքում, «Քաղաքացիների քաղաքական միությունների մասին» օրենքում, Քրեական օրենսգրքում և այլ համապատասխան օրենքներում մարտի 4-ին ընդունված փոփոխությունները։

Փորձագետների խորհրդի կարծիքով` այդ փոփոխություններով սահմանված սահմանափակումները լուրջ ազդեցություն կունենան միավորման և խոսքի ազատության, նաև անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի և ընտրություններին մասնակցելու հնարավորության վրա։

Ըստ փորձագետների` դրույթների մեծ մասը չի համապատասխանում օրենքում սահմանված պահանջներին, և կան լուրջ հիմքեր կասկածելու, թե արդյո՞ք դրանց մեծ մասը հետապնդում է օրինական նպատակ։