Մառնեուլիի քաղաքապետ Դաուր Իսմաիլովի եղբոր՝ Քենան Իսմաիլովի դեմ, որը մեղադրվում է խմբակային բռնության համար, խափանման միջոց է կիրառվել նախնական կալանքը։ Դատավոր Գվանցա Չիքովանին բավարարել է դատախազության միջնորդությունը։
Իսմաիլովների ընտանիքը դատարանին առաջարկում էր 100 հազար լարի գրավ։ Դատական նիստին Մառնեուլիի քաղաքապետը ներկա չի եղել, իսկ ինքը՝ մեղադրյալը, լռություն է պահպանել։
Դատախազության հաղորդմամբ՝ 2026 թվականի ապրիլի 6-ին Մառնեուլիի մունիցիպալիտետում բիզնես գործունեության հետ կապված վիճաբանության պատճառով մեղադրյալը` ուղեկցող անձանց հետ միասին, մահակների գործադրմամբ վնասվածքներ է հասցրել տուժողին։
Քենան Իսմաիլովին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի երկրորդ մասով (առողջությանը դիտավորությամբ խմբով թեթև վնաս հասցնել), ինչը նախատեսում է 3-ից 5 տարի ազատազրկում։
Հայտնի է, որ Ներքին գործերի նախարարությունում հետաքննությունը շարունակվում է հանցագործությանը մասնակից այլ անձանց բացահայտելու նպատակով։
Քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովայի տեղեկությամբ՝ Քենան Իսմաիլովն իր շրջապատից մի քանիսի հետ միասին ծեծի է ենթարկել հացի փռի սեփականատիրոջը։ Առկա տեղեկություններով՝ տղամարդն այն աստիճան է ծեծվել, որ սկզբնական փուլում չի կարողացել նույնիսկ ցուցմունք տալ ոստիկանությանը։
Ըստ տարածված տեղեկությունների՝ քաղաքապետի ընտանիքը գործարարին ստիպել էր թանկացնել հացը, ինչին վերջինս չի համաձայնել, և հաջորդել է հաշվեհարդարը։