«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին խորհրդարանում ինտերպելյացիայի կարգով լսումների ժամանակ ներկայացրել է դրամաշնորհային ծրագրերի հաստատման վիճակագրությունը։ Նախարարի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը չի մերժել որևէ ծրագիր, որն ուղղված չի եղել երկրի շահերի դեմ։
Բոճորիշվիլին հայտնել է, որ 2025 թվականի ապրիլի 16-ից մինչև 2026 թվականի ապրիլի 8-ը կառավարության աշխատակազմում քննարկվել է 165 դրամաշնորհային հայտ։
«Վստահորեն կարող ենք ասել, որ ոչ մի դրամաշնորհային ծրագիր, որը Վրաստանի ազգային շահերի դեմ չէր, չի մերժվել… Դրական հանձնարարականների ցուցանիշը կազմում է ավելի քան 95%», — հայտարարել է նախարարը։
Նրա պնդմամբ՝ 2024-2025 թվականներին ընդունված օրենքների պատճառով (որոնք վերաբերում են օտարերկրյա ազդեցության թափանցիկությանը) ոչ մի ծրագիր չի կասեցվել կամ չեղարկվել։
Արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է թափանցիկության օրենսդրության անհրաժեշտությունը՝ դա կապելով երկրի կայունության հետ։
«Կարծում եմ՝ այսօր այլևս ոչ ոք չպետք է հարց ունենա քաղաքականությանը օտարերկրյա միջամտությունների կանխարգելման և օտարերկրյա ազդեցությունների թափանցիկության անհրաժեշտության վերաբերյալ։ Այսօր ակնհայտ երևում է, թե որքանով է այս ամենը կապված մեր երկրի անվտանգության և կայունության հետ», — նշել է Բոճորիշվիլին լիագումար նիստի ժամանակ։
Մակա Բոճորիշվիլիին խորհրդարան էր հրավիրել «Վրաստանի համար» խմբակցությունը՝ ինտերպելյացիայի ձևաչափով։