Առանձնապես խոշոր չափերի գումար խարդախությամբ հափշտակման փաստով կազմակերպված խմբի երկու անդամի մեղադրանք է առաջադրվել:
Ներքին գործերի նախարարության իրականացրած քննության համաձայն՝ սույն թվականի ապրիլ ամսին կազմակերպված հանցավոր խմբի անդամները, առանձնապես խոշոր չափերի գումարի խաբեությամբ տիրանալու նպատակով, հեռախոսով կապ են հաստատել քաղաքացիների հետ (հիմնականում՝ կենսաթոշակային տարիքի անձանց), ներկայացել նրանց որպես կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ և առաջարկել տարբեր տեսակի հարկային արտոնություններ: Խարդախ խմբի անդամները տուժածներից տեղեկացել են նրանց անձնական տվյալների մասին: Այնուհետև կրկին կապվել են տուժածների հետ՝ այս անգամ որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչներ և բացատրել նրանց, որ անձնական տվյալները «օտար» անձի տալը նրանց ֆինանսական վնաս կպատճառի: Ռիսկից խուսափելու և «օրինախախտներին» հայտնաբերելու համար, իբր, անհրաժեշտ է, որ տուժածներն իրենց ֆինանսական խնայողություններն ամբողջությամբ կանխիկ ձևով հանձնեն իրենց ներկայացուցիչներին, իսկ հարցն իրավական ճանապարհով լուծելուց հետո գումարը կվերադարձվի:
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ այս ճանապարհով կազմակերպված խմբի անդամները խաբեությամբ տիրացել են տուժածներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարի՝ 125 հազար լարիի չափով:
«Կազմակերպված խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ մասի ենթակետերով (կազմակերպված խմբի խարդախություն՝ կատարված առանձնապես խոշոր չափերով), ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում մինչև 10 տարի ժամկետով:
Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում դատարան կդիմի երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ:
Կազմակերպված խմբի մյուս անդամների հայտնաբերման և ձերբակալման նպատակով քննությունը շարունակվում է»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ: