Բիզնեսից քաղաքականություն. ո՞վ է Խազարաձեն

TBC բանկի համահիմնադիր Մամուկա Խազարաձեն «Լելո» անվամբ քաղաքացիական շարժում է սկսել՝ ակտիվանալով քաղաքական դաշտում: Վերջին օրերին վրացական մեդիայի գլխավոր թեմա դարձած Խազարաձեն քննադատում է տարբեր քաղաքական գործիչների, ովքեր էլ ակտիվորեն արձագանքում են նրան:

Նույնիսկ Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան է անդրադարձել Խազարաձեի հայտարարություններին՝ ասելով. «Վերջերս շատ զարմանալի բաներ է ասում պարոն Խազարաձեն»:

Դեռևս հունվար ամսին Վրաստանի Ազգային բանկը TBC բանկին տուգանել էր մեկ միլիոն լարիով: Բանկը որոշում էր կայացրել վճարել տուգանքը, մինչդեռ TBC բանկի դիտորդ խորհրդի նախագահի պաշտոնից Մամուկա Խազարաձեն հայտարարել էր հեռանալու մասին։ Ավելի ուշ, TBC-ի խորհրդից Մամուկա Խազարաձեից բացի հեռացել է նաև Բադրի Ջափարիձեն:

Ինչից հետո, Վրաստանի գլխավոր դատախազությունը TBC բանկի հիմնադիրներին՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին մեղադրանք է առաջադրել:

Ըստ դատախազության, Խազարաձեն և Ջափարիձեն մեղադրվում են 16 754 000 դոլարի լվացման մեջ:

Նշվածի հետ կապված, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ ասում է. «Իմ նախագահության 9 տարիների ընթացքում իմ սեփականությունը չի փոփոխվել: Իսկ իմ նախագահության ընթացքում Խազարաձեի ունեցվածքը նվազագույնը 5 անգամ ավելացել է: Ու հիմա այդ «մարդը», իսկ իրականում անշնորհակալ մեկը ինձ մեղադրում է իր բիզնեսի վրա ճնշումների մեջ, դա այն ֆոնին,  երբ Իվանիշվիլին իրեն զրկում է ամեն ինչից ու իր գրպանը դնում»: