Վրաստանի խորհրդարանում ստեղծված Գների հանձնաժողովը հայտնել է Վրաստանում ապրանքների թանկացման պատճառները:
Հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Շոթա Բերեկաշվիլին ասել է, որ պատճառը ոչ թե «չափազանց մեծ շահույթն» է, այլ գործընթացների անարդյունավետությունը:
«Մեծ ցանցերի դեպքում պատկերը ցույց տվեց՝ սկսած ցանցից, վերջացրած արտադրողով և ներմուծողով, հիմնական խնդիրը ոչ թե չափազանց մեծ շահույթներն են, այլ անարդյունավետ օպերացիոն ծախսերը», — ասել է Բերեկաշվիլին և պարզաբանել, որ «գոյացման շղթայում կուտակվում է լրացուցիչ ծախս, որը վերջնական արդյունքում ճնշում է արտադրանքի ինքնարժեքը»:
Նրա գնահատմամբ, եթե այս գործընթացը դառնա արդյունավետ, գնորդը կստանա «զգալիորեն ավելի լավ գին»:
Գների հանձնաժողովի կարծիքով` խնդիրը պայմանավորված է մի քանի գործոնով.
• Մատակարարի և ցանցերի միջև կոմերցիոն հարաբերություններն անհասկանալի են. «Կան տարբեր տեսակի կոմերցիոն կամ մարքեթինգային վճարներ, որոնք թափանցիկ չեն: Որոշ դեպքերում վճարներն այնպիսին են, որոնք ենթակա չեն կոմերցիոն հարաբերությունների»:
• Վաճառված ապրանքի դիմաց ցանցն ուշացնում է վճարումը, ինչը դիստրիբյուտորների կամ արտադրողների համար լրացուցիչ ծախսեր է ստեղծում:
• Արտադրողները և դիստրիբյուտորները հասանելիություն չունեն մնացորդներին, ինչը թույլ չի տալիս գործընթացը ճիշտ կառավարել:
• Հետազոտողների խոսքով՝ անհրաժեշտ է կրճատել մատակարարման շղթան, մերձեցնել արտադրողի և ցանցերի հարաբերությունները: Չլինեն միջնորդ օղակներ: Կարևոր է դիստրիբյուցիոն կենտրոնների ստեղծումը:
Գների հանձնաժողովի նախագահն ասել է, որ անհրաժեշտ է ներդնել կանոնակարգեր, ընդունել օրենք, որը կստեղծի «արդար առևտրային հարաբերություններ»: Նրա խոսքով՝ դա նախատեսված է նաև անարդար առևտրային պրակտիկայի մասին Եվրոպական Միության դիրեկտիվով:
«Սեկտորը շատ մեծ է, դա կազմում է մեր տնտեսության 21%-ը, և ցանկացած ագրեսիվ տիպի միջամտություն ստեղծում է համակարգային ռիսկեր: Համակարգային ռիսկերն էլ ազդեցություն կունենան հետագա տնտեսության վրա: Այստեղ մոտեցումը պետք է լինի շատ համակարգված և մանրամասն գրված», — ասել է Բերեկաշվիլին` հավելելով, որ հնարավոր է այդ գործընթացն ավարտել վեցից ինն ամիս ժամկետում:
Հանձնաժողովը պաշտպանել է եզրակացությունը, սակայն «Ժողովրդի ուժը» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունները չեն միացել.
• «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամ Շալվա Կերեսելիձեն պատճառն այսպես է բացատրել. «Եթե ուզում ենք, որ Վրաստանում գները սկսեն նվազել, դրա համար անհրաժեշտ է առողջ մրցակցություն: Առողջ մրցակցություն չի ստեղծվի ոչ մի դեպքում, եթե չվերանա նեպոտիզմը, չվերանա լոբբինգը և չվերանա կոռուպցիան»:
• «Ժողովրդի ուժը» կուսակցության առաջնորդ Դիմիտրի Խունդաձեն որոշումն այսպես է բացատրել. «Այսօր կդժվարանանք պաշտպանել կոնկրետ պատճառով: Փաստաթուղթը բավականին ծավալուն է և մեծ աշխատանք է ներդրված: Պարզապես երեկ ժամը 21:00-ին է մեզ տրամադրվել, և ֆիզիկապես չէինք հասցնի դրան լիարժեք ծանոթանալ, որպեսզի լիարժեք որոշում կայացնեինք»:
Դրանից հետո փաստաթուղթը կփոխանցվի բյուրոյին և կքննարկվի խորհրդարանի նստաշրջանում:
Գների հանձնաժողովի մասին
Անցյալ տարվա վերջին «Վրացական երազանք» կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկրում պարենային գների բարձրացումը, եվրոպականի հետ համեմատած, պայմանավորված է բարձր հավելագնի և շահույթի տարբերությամբ: Նա կոչ է արել քննչական մարմիններին ուսումնասիրել այս հարցը և պահանջել է ստեղծել խորհրդարանական քննիչ հանձնաժողով:
Մասնագետները կարծում են, որ լուծումը պետք է լինի համակարգային՝ ներդնելով «արդար առևտրի» կանոններ, որոնք հիմնված կլինեն եվրոպական փորձի վրա: Դա թույլ կտա կրճատել միջնորդ օղակները և ստեղծել ավելի արդյունավետ լոգիստիկ կենտրոններ:
Տնտեսագետների գնահատմամբ՝ խորհրդարանական հանձնաժողովի նմանօրինակ գործողությունները «ճակատային» են և չեն կարող հանգեցնել իրական արդյունքների։ Ըստ նրանց՝ երկրում գնաճի համար առաջնային պատասխանատվություն են կրում կառավարությունը և Ազգային բանկը։
«Հասարակություն և բանկեր» կազմակերպության հիմնադիր Գիորգի Կեպուլաձեն ասել է, որ երկրում բիզնեսների միջև գոյություն ունեն կարտելային և այլ տիպի գործարքներ, որոնց իշխանությունը պետք է արձագանքի։
Ըստ նրա` նշված գործարքների մասին «Վրացական երազանք»-ը Գների հանձնաժողովի որոշման արդյունքում չէ, որ տեղեկացել է, և «եթե իշխանությունը գիտեր, որ բիզնեսների միջև ինչ-որ գործարքներ կային, մինչ այժմ պետք է գործեր, եթե ինքը գործարքի մեջ չէր»։
«Եթե գների նվազեցում էին ուզում, այլ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեին։ Այս հանձնաժողովն ինչի համար ստեղծվել էր, այդ դերը կատարեց քիչ թե շատ հաջողությամբ, որ ինչ-որ ուշադրության շեղում լիներ, կարծես ինչ-որ գործողություն ցույց տվեցին իշխանությունից, բայց վերջնական արդյունքում մեզնից ոչ մեկը, ոչ էլ «Վրացական երազանք»-ի կողմնակիցները, նրանց էլ եմ ուզում ասել, չեն զգա ոչ մի արտոնություն, ընդհակառակը, դեկտեմբերից սկսած գրեթե ամեն ինչը, հատկապես սննդամթերքը, ցավոք, թանկացած է։ Բանալին մրցակցության աճի և մաֆիոզ-կլանային համակարգերի քանդման մեջ է»,- հայտարարել է Գիորգի Կեպուլաձեն։
Տնտեսագետ Ռամազ Գեռլիանին հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ը պետք է պատասխանատվությունն իր վրա վերցնի։
«Այն պնդումը, թե գները կայունացել են, անհեթեթություն է, և սկզբունքորեն նման համատեքստով իրենք էլ չեն կարողանում ասել, իհարկե:
Նրանք պատասխանատվությունը պետք է իրենց վրա վերցնեն, որովհետև գնաճի համար պատասխանատու է իշխանությունը, պետությունը: Պետության մեջ այս դեպքում որոշակի ինքնավարություն ունեցողն Ազգային բանկն է և կառավարությունը: Նրանք հավասարապես պատասխանատու են այս դեպքում գնաճի համար»,- ասել է տնտեսագետը։
Վրացի տնտեսագետ, տնտեսական գիտությունների թեկնածու, քաղաքական գործիչ Ռոման Գոցիրիձեի խոսքով՝ Գների հանձնաժողովն այնպես ավարտեց աշխատանքը, որ Ազգային բանկի և կառավարության դերը նույնիսկ չի հիշատակել.
«Անգործների բազմամսյա նիստերից իմացանք երկու բան.
• Առևտրային ցանցերը (ներառյալ վառելիքը) ոչ մի կապ չունեն, իզուր մեղադրեցինք հավելյալ շահույթ ստանալու համար. իրականում «մատակարարման շղթայում» լրացուցիչ ծախսեր են առաջանում, և դա բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը (գինը):
• Որպեսզի այս խնդիրը վերանա, կառավարությունը պետք է տարածաշրջաններում ստեղծի ապրանքների մատակարարման պետական դիստրիբյուցիոն կենտրոններ:
Այս հանձնարարականն ուղղակիորեն արտագրել են Վենեսուելայի գների հանձնաժողովից, որը ղեկավարում էր դիկտատոր Հուգո Չավեսը և որը քանդեց երկրում առևտուրը ու հիպերինֆլյացիա առաջացրեց:
Գների հանձնաժողովն ասում է, որ ոչ ոք մեղավոր չէ՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ Ազգային բանկը և ո՛չ էլ կառավարական-կլանային բիզնեսը, գներն ինքնիրեն են աճում»,- հեգնել է տնտեսագետը։
Գների հանձնաժողովի աշխատանքի ավարտը հասարակական և մասնագիտական շրջանակներում միանշանակ չընդունվեց։ Հանձնաժողովը թանկացումները բացատրում է «մատակարարման շղթայում» առաջացող լրացուցիչ ծախսերով և օպերացիոն անարդյունավետությամբ, ինչը բիզնեսին ազատում է գերշահույթ ստանալու մեղադրանքներից։ Սակայն անկախ տնտեսագետները սա համարում են «ճակատային» գործընթաց, որը շրջանցում է գնաճի իրական պատասխանատուներին՝ Կառավարությանը և Ազգային բանկին։
Փորձագետների պնդմամբ՝ իրական լուծումը ոչ թե պետական նոր դիստրիբյուցիոն կենտրոնների ստեղծումն է կամ ուշացած արձագանքները, այլ շուկայում ազատ մրցակցության ապահովումը և կարտելային ու կլանային համակարգերի վերացումը։