Բաքու այցելած Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն Ադրբեջանի հետ ագրոպարենային առևտրի ոլորտում մեծ ներուժ ունի:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին սննդամթերքի արտահանումը դեպի Ադրբեջան կայուն կերպով աճում է:
Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում Սոնղուլաշվիլին հանդիպել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Մաջնուն Մամեդովին և քննարկել երկու երկրների միջև գյուղատնտեսության ու ագրոպարենային հատվածում համագործակցության հեռանկարները:
«Հանդիպմանը քննարկել ենք ագրոպարենային հատվածում ժամանակակից մոտեցումների ներդրման և արժեշղթաների զարգացման համագործակցության շուրջ, նաև համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Վրաստանի և Ադրբեջանի միջև ագրոպարենային առևտուրը կայուն կերպով աճում է, և զգալի ներուժ կա դրա հետագա ընդլայնման համար», — ասել է Սոնղուլաշվիլին:
2025 թվականին Վրաստանից Ադրբեջան է արտահանվել 207,6 մլն դոլարի արժողության ագրոպարենային արտադրանք, ինչը 19%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը:
Անցյալ տարի ագրոպարենային արտադրանքի ընդհանուր արտահանման մեջ Ադրբեջանի մասնաբաժինը կազմել է 11%: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանից Վրաստան է ներմուծվել 99 մլն դոլարի արժողության ագրոպարենային արտադրանք, ինչը 36%-ով գերազանցում է 2024 թվականի նույն ցուցանիշը: