«Պետության գլխավոր պատասխանատվությունը բյուջեի ռացիոնալ ծախսումն ու հարկատուների շահերի պաշտպանությունն է»,– հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ի պատասխան Դյուշենի մկանային դիստրոֆիայի բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցի ձեռքբերման վերաբերյալ հարցին:
Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ Կոբախիձեն նշել է, որ այդ հարցով որոշում կայացնելը հեշտ չէ և համալիր գնահատական է պահանջում:
«Մեզ համար հեշտ կլիներ վերցնել այդ 50 միլիոնը և ծախսել, դա կլիներ ամենապարզ և քաղաքականապես շահեկան ելքը: Բայց մյուս կողմում վրաց ժողովրդի հանդեպ պատասխանատվությունն է»:
Նրա խոսքով՝ պետական բյուջեն ձևավորվում է քաղաքացիների վճարումներից, և հենց դրա պատճառով էլ իշխանությունը պարտավոր է միջոցներն օգտագործել նպատակային ու արդյունավետ։
Կոբախիձեն նաև պարզաբանել է, որ խոսքը տարեկան մոտ 50–60 միլիոն լարի ծախսի մասին է, և այդ գումարը պետության համար մեծ պատասխանատվություն է։ «Այդ գումարը, որի մասին խոսվում է՝ կլինի 50, թե 60 միլիոն, այն գումարը չէ, որը մենք հանում ենք մեր սեփական գրպանից ու տալիս: Սա ժողովրդի փողն է, հարկատուների միջոցների ամբողջությունը»,- հայտարարել է նա:
Կոբախիձեն ասել է, որ կառավարությունը պարտավոր է գնահատել, թե նման ծախսն ինչքան իրական արդյունք կբերի և չի վերածվի անարդյունավետ ծախսի։ «Այստեղ պետք է պարզ հարց տրվի՝ այս գումարը կարո՞ղ է ծախսվել ռացիոնալ և բերել համապատասխան արդյունք, թե՞ այդ գումարով կարող ենք հարստացնել դեղագործական մաֆիային: Այս հարցին պետք է պատասխան տրվի՝ որտե՞ղ է այստեղ ճշմարտությունը»,- ասել է Կոբախիձեն:
Նրա հայտարարությամբ՝ պետությունը նախկինում էլ է ունեցել դեպքեր, երբ մեծ ֆինանսական ռեսուրսը չի հանգեցրել սպասված արդյունքի:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում այս թեման երկրում ամենաքննարկվողներից է: Դյուշենի համախտանիշով հիվանդ երեխաների ծնողներն ու աջակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ ու ցույցեր են անցկացնում՝ պահանջելով պետությունից ֆինանսավորել կյանքի համար կարևոր թանկարժեք դեղամիջոցների ձեռքբերումը։