UNICEF-ը Վրաստանին  կոչ է անում ժամանակին վերսկսել ուսումնական գործընթացը

 ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) Վրաստանի իշխանություններին կոչ է արել իր ժամանակին վերականգնել ուսումնական գործընթացը: Այս մասին հաղորդագրություն է տարածել կազմակերպության տեղի գրասենյակը:

«Որքան շատ են աշակերտները մնում առանց դպրոցի, այնքան շատ են ենթարկվում տարբեր ռիսկերի:  Սա ակտուալ է հատկապես խոցելի երեխաների համար:  Իրավիճակի բարելավման ու սահմանափակումների վերացման պարագայում երեխաները պետք է ժամանակին վերադառնան  կրթության սովորական ռեժիմին», — ասված է հաղորդագրության մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ տարբեր երկրների փորձը ցույց է տվել` դպրոցները   «վարակի տարածման հիմնական աղբյուր չեն», ավելին` չկա որևէ ապացույց, որ ուսումնական հաստատությունների փակելը որևէ կերպ ազդել է վարակի տարածման արագության վրա: Սակայն արդեն ակնհայտ է, որ այդ սահմանափակումները բացասաբար են ազդել երեխաների ֆիզիկական ու հոգեկան առողջության, սննդի ռեժիմի, առաջադիմության վրա:

Հիմնադրամը գտնում է, որ որոշումը պետք է կայացվի` հաշվի առնելով երեխաների շահերն ու հանրության առողջական վիճակը, պետք է հաշվի առնվեն ռիսկերը:  Կազմակերպությունը նաև մի քանի կետով ներկայացրել է ուսումնական հաստատությունների անվտանգ վերաբացման որոշ խորհուրդներ՝

  • ադեկվատ սանիտարահիգիենիկ հսկողություն,
  • հեռավորության ապահովում, մեծ հավաքների բացառում,
  • ուսումնական օրվա սկզբի ու ավարտի գրաֆիկի վերանայում,
  • դպրոցներում ճաշի համար հատկացված ժամանակի փոփոխություն,
  • բացօթյա դասերի անցկացում,
  • հերթափոխով դասընթացի կազմակերպում։

 Հիշեցնենք` Վրաստանի կառավարությունն այս տարի կորոնավիրուսով պայմանավորված` 2 անգամ երկարաձգել է գարնանային արձակուրդները, ապա աշակերտներն անցել են հեռավար կրթության:

Դեռևս չի հստակեցվում`  նոր ուսումնական տարին այս աշնանը ժամանակին մեկնարկելու է թե ոչ: Չի բացառվում խառն ուսուցումը. այսինքն որոշ պարապմունքներ հեռավար լինեն, որոշները` դասասենյակում: