Վրաստանի կրթության նախարարը հրաման է արձակել, որով հաստատվում է դպրոցում էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործման ընդհանուր կարգը։ Համաձայն հրամանի՝ դպրոցները պետք է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ապահովեն բջջային հեռախոսների/սմարթֆոնների և «խելացի» ժամացույցների պահպանման համար անհրաժեշտ քանակությամբ հատուկ պահարանների գնումն ու տեղադրումը։ Հատուկ պահարանները պետք է տեղադրվեն բոլոր դասասենյակներում։
Ըստ հրամանի՝ ուսումնական գործընթացի ժամանակ արգելվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցների աննպատակ օգտագործումը։ Մասնավորապես, աշակերտը պարտավոր է նախքան առաջին դասի սկսվելը բջջային հեռախոսը/սմարթֆոնը և «խելացի» ժամացույցը տեղադրել համապատասխան հատուկ պահարանում, սակայն էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործումը թույլատրելի է.
ա) լիազորված անձի նախնական համաձայնությամբ՝ ուսումնադաստիարակչական նպատակներով,
բ) աշակերտի ծնողի/օրինական ներկայացուցչի դպրոցին նախապես ներկայացված և համապատասխան փաստաթղթով հաստատված՝ առողջական վիճակի մոնիտորինգի և/կամ այլ բժշկական նպատակներով,
գ) արտակարգ իրավիճակներում և անհետաձգելի դեպքերում,
դ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և/կամ հաշմանդամության կարգավիճակ ունեցող աշակերտների համար՝ ներառական կրթության մեջ ներգրավված մասնագետի (առկայության դեպքում) կամ դասղեկի և ծնողի/օրինական ներկայացուցչի համատեղ որոշման հիման վրա,
ե) աշակերտի անհատական կարիքները հաշվի առնելով, եթե դա անհրաժեշտ է նրա ուսուցման և գործունեության ապահովման համար, ինչը հաստատվում է համապատասխան մասնագետի տրված տեղեկանքով/եզրակացությամբ,
զ) դպրոցի ներքին կարգապահական կանոններով սահմանված այլ դեպքերում։
Աշակերտի այս կարգի խախտումը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն դպրոցի ներքին կանոնակարգով և Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Եթե ուսումնական գործընթացի ժամանակ ծնողին անհրաժեշտ լինի կապ հաստատել երեխայի հետ, համաձայն հրամանի՝ դպրոցը պարտավոր է սահմանել ծնողի/օրինական ներկայացուցչի հետ հաղորդակցության պաշտոնական ուղիներ, այդ թվում՝ դպրոցի տնօրինության կոնտակտային հեռախոսահամարը, դասղեկի կամ դպրոցի էլեկտրոնային փոստը և կոնտակտային հեռախոսահամարը, դպրոցական տեղեկատվական համակարգերը/սոցիալական ցանցերը և այլն։
Նշենք՝ կառավարությունը դպրոցներում բջջային հեռախոսների արգելքի մասին հայտարարել էր անցյալ տարվա վերջին։ Արդյո՞ք այս կարգը կվերաբերի նաև ուսուցիչներին, հրամանում նշված չէ։