Նախկին հեռուստահաղորդավարուհի Նանուկա Ժորժոլիանիի հայտարարության համաձայն՝ ինքը մերժել է Միխեիլ Սաակաշվիլիի առաջարկը՝ դառնալ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ։
Այսպես է նա պատասխանել «Ֆորմուլա» հեռուստաընկերության հարցին, թե արդյոք Միխեիլ Սաակաշվիլին առաջարկե՞լ է ստանձնել «Միասնական ազգային շարժման» նախագահի պաշտոնը։
«Եղել է այդ առաջարկը, այդ փուլն արդեն անցել ենք, դրան, բնականաբար, ես մերժմամբ եմ պատասխանել»,- ասել է Նանուկա Ժորժոլիանին։
Նանուկա Ժորժոլիանիի խոսքով՝ ինքն իրեն տեսնում է «Միասնական ազգային շարժման» կազմում միայն այն դեպքում, եթե կարողանա իրականացնել կուսակցության վերակազմավորումը (ռեօրգանիզացիան)։
«Ես կողմնակից եմ ոչ թե ինչ-որ բանի ավելացմանը, այլ ընդհակառակը՝ եղածը պետք է դառնա արդյունավետ։ Կարծում եմ, կուսակցությունը շատ լավ նախագահ ունի։ Ինձանից խելացի, քաղաքականապես ավելի փորձառու, ինձանից գեղեցիկ, և հետևաբար՝ կարծում եմ, որ Թինան շատ ճիշտ թեկնածու է։ Պարզապես այստեղ խոսքն այն մասին է, թե ով ինչ դերակատարում կունենա։ Թինան շատ լավ է ներկայացնում կուսակցությունն արտաքին հարթակում, և դա շատ կարևոր է… Ես ինձ տեսնում եմ միայն այն դեպքում, եթե կարողանամ իրականացնել կուսակցության վերակազմավորումը, կուսակցության վերստեղծումը»,- ասել է Նանուկա Ժորժոլիանին։