Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ոստիկանությունը երեք անձի, այդ թվում՝ ընտանիքի անդամների նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել է նախկինում ազատազրկված և ներկայում պայմանական դատապարտված մի անձի:
«Քննությամբ պարզվել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մեղադրյալը սառը զենքի գործադրմամբ մի քանի վերք է հասցրել կնոջը, մորը և կնոջ ընկերուհուն։ Երեք վիրավորներն էլ համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են կլինիկա։
Իրավապահները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, հանցագործություն կատարած անձին ձերբակալել են թեժ հետքերով։
Ոստիկանությունը հանցագործության կատարման գործիքը՝ դանակը, առգրավել է որպես իրեղեն ապացույց»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 11 պրիմ 19-109-րդ հոդվածով (սպանության փորձ ընտանեկան հանցագործության համատեքստում՝ ծանրացուցիչ հանգամանքներում), ինչը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում: