Մակա Բոճորիշվիլին մեկնաբանել է Եվրահանձնաժողովի հետ հանդիպումը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին մեկնաբանել է վրացական կողմի և Եվրահանձնաժողովի միջև կայացած հանդիպումը, որը վերաբերում էր դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի կասեցման հարցին։

«Վրացական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումները։ Ինչ վերաբերում է այն մտահոգություններին ու հանձնարարականներին, որոնք արձանագրել է Եվրամիությունը, ապա սա աշխատանքային մակարդակով առաջին հանդիպումն էր, որի շրջանակներում մենք մտքեր փոխանակեցինք։ Մեր գլխավոր նպատակն այն էր, որ այս մակարդակում եվրոպական կողմին տեղեկատվություն տրամադրվեր վրացական կողմի դիրքորոշումների մասին յուրաքանչյուր հարցի շուրջ, որը վերաբերում է վիզային երկխոսությանը և, տվյալ դեպքում, կասեցման մեխանիզմի գործարկմանը։

Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Սա առաջին հանդիպումն էր, վերջին հանդիպումը չէ, և մենք ակնկալում ենք, որ Եվրամիության կողմն ավելի շատ հաշվի կառնի այն լեգիտիմ պատճառները, որոնք առկա են վիզային երկխոսության շրջանակներում, և այն լեգիտիմ պայմանները, որոնք ունի վրացական կողմը»,- ասել է Բոճորիշվիլին։

Հունիսի 11-ին, Եվրահանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության հրավերով, Բրյուսելում տեղի է ունեցել վրացական կողմի և Եվրահանձնաժողովի միջև երկխոսության առաջին հանդիպումը, որը վերաբերում էր դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի կասեցման հարցին։