Վրաստանն ու Ղրղզստանը կրթության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Ղրղզստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Լևան Ղիրսիաշվիլին և Ղրղզստանի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ Ալբերտ Մախմետ Կուլովը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Կրթության նախարարության հաղորդմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է փոխանակման ծրագրերի իրականացում աշակերտների, ուսուցիչների, հետազոտողների ու փորձագետների համար, նաև գործընկերության ամրապնդում կրթական հաստատությունների միջև:

«Հուշագրի նպատակն է ընդլայնել ու խորացնել համագործակցությունը Վրաստանի և Ղրղզստանի Հանրապետության միջև կրթության ոլորտում, փոխանակել փորձն ու լավագույն պրակտիկան, նաև նպաստել համատեղ կրթական նախաձեռնությունների ու նախագծերի իրականացմանը»,- հայտնել են կրթության նախարարությունից: