«Ուսանողների կրթության ֆինանսավորման ծրագրում» փոփոխություններ են կատարվել: Ըստ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի` սեպտեմբերից մագիստրանտների կրթաթոշակը մեկ կիսամյակի համար կդառնա 1000 լարի:
Մասնավորապես, նրա պարզաբանմամբ, հաջողակ (բարձր առաջադիմություն ունեցող) մագիստրանտների կրթաթոշակը կիսամյակային 562,5 լարիի փոխարեն կդառնա 1000 լարի: Կմեկնարկի նաև նոր ծրագիր՝ «Երիտասարդ գիտնականներ Թբիլիսիի համար» անվանմամբ:
«Ծրագրի շրջանակներում հետազոտական դրամաշնորհներով (գրանտներով) կֆինանսավորենք այն երիտասարդ հետազոտողներին, որոնք կաշխատեն մայրաքաղաքի մարտահրավերների հաղթահարման և նորարարական գաղափարների մշակման ուղղությամբ։ Իսկ դեֆիցիտային ոլորտների սահմանումը՝ հաշվի առնելով մունիցիպալ կարիքները, կիրականացվի ամեն տարի: Կշարունակվի նաև այն ուսանողների կրթության ֆինանսավորման ծրագիրը, որոնք մինչև 2026-2027 ուսումնական տարին պետական կամ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք են ստացել»,- հայտնել է Կախա Կալաձեն:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը յուրաքանչյուր կիսամյակ ֆինանսավորում է սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի անդամ հանդիսացող և հաշմանդամության կարգավիճակ ունեցող ուսանողների ուսման վարձը:
«Ուսանողների կրթության ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ընթացիկ տարում ֆինանսավորում է ստացել 1280 սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի անդամ հանդիսացող ավելի քան 500 և մինչև 50 հաշմանդամություն ունեցող ուսանող։ Դրա հետ մեկտեղ, ողջունում ենք այս ուղղությամբ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության նախաձեռնած բարեփոխումը, որը նախատեսում է պետական համալսարաններում ուսման վարձի ամբողջական ֆինանսավորում։ Կարծում ենք, որ նշված փոփոխությունը զգալիորեն կմեծացնի բարձրագույն կրթության հասանելիությունն ու որակը»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը: