«Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» կազմակերպությունն (ALDE) արձագանքել է բանտում Էլենե Խոշտարիայի առողջական վիճակի վատթարացման մասին տարածած տեղեկությանը։
«Լիբերալներս պահանջում ենք, որ Էլենե Խոշտարիային հրատապ բժշկական օգնություն ցուցաբերվի։ Գրեթե 10-ամսյա ապօրինի կալանքի ընթացքում նրա առողջական վիճակն արագորեն վատթարանում է, մինչդեռ նրան մերժում են պատշաճ բժշկական բուժում տրամադրել։ Առանց համապատասխան օգնության՝ նրա առողջությանը անդառնալի վնաս հասցնելու վտանգ կա, ինչը կարող է նրան զրկել նույնիսկ քայլելու ունակությունից։
«Վրացական երազանք»-ը պետք է անհապաղ գործի և ապահովի, որ Էլենե Խոշտարիան ստանա այն բուժումը, որի խիստ կարիքն ունի»,- ասված է ALDE-ի հայտարարության մեջ։
Ռեժիմի բանտարկյալ, «Փոփոխությունների համար կոալիցիա»-ի առաջնորդներից մեկի՝ Էլենե Խոշտարիայի փաստաբանի խոսքով, բանտում Խոշտարիայի առողջական վիճակը վատթարացել է։
Շոթա Թութբերիձեի հայտարարության համաձայն՝ Խոշտարիային բուժող բժիշկների հետ միասին իրենք խորհրդատվություն են անցել Թուրքիայի կլինիկայում։ Նրանց գնահատմամբ՝ «առանց պատշաճ բուժման, առողջական վիճակի հետագա վատթարացման դեպքում Էլենեի առողջությանը կարող է հասցվել անդառնալի վնաս. օրինակ՝ նա այլևս չի կարողանա տեղաշարժվել առանց հաշմանդամության սայլակի»։
Փաստաբանի հայտարարությանն արձագանքել է Քրեակատարողական ծառայությունը՝ գրելով, որ Թութբերիձեի հայտարարությունն ապատեղեկատվություն է, և Խոշտարիայի առողջական վիճակը «որևէ կերպ կամ ձևով» չի վատթարացել։ Նաև հավելել են, որ Խոշտարիան օգտվում է բոլոր բժշկական ծառայություններից։