«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն։
Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Դուշանբեի միջազգային օդանավակայանում տեղի կունենա կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Իրակլի Կոբախիձեին կդիմավորի Տաջիկստանի Հանրապետության վարչապետ Կոխիր Ռոսուլզադան։
«Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Վրաստանի վարչապետի հանդիպումը տաջիկ գործընկերոջ հետ՝ առանձնազրույցի և ընդլայնված ձևաչափերով։
Վրաստանի կառավարության ղեկավարին նախագահական պալատում կհյուրընկալի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպումից հետո առաջնորդները հանդես կգան լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություններով։
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի Հանրապետության Գերագույն ժողովի (Մաջլիսի Օլի) Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ։
Իրակլի Կոբախիձեն Տաջիկստանի Հանրապետություն է մեկնել պատվիրակության հետ միասին, որի կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին»,- ասված է կառավարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Իրակլի Կոբախիձեն կառավարական պատվիրակության հետ միասին անցյալ շաբաթ Ղրղզստան էր այցելել։