«Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են և առաջնահերթություն», — հայտարարել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին. վարչապետի հետ նա մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն։
Նրա հայտարարությամբ՝ նշված այցը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Մակա Բոճորիշվիլիի գնահատմամբ՝ բարձր մակարդակի այցերը լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում ինչպես տնտեսական և առևտրային հարաբերությունների, այնպես էլ տարբեր ոլորտներում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։ Նախարարն ուշադրություն է հրավիրել նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ Վրաստանի համագործակցության կարևորությանը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության և տարանցիկ գործառույթի զարգացման համատեքստում։
«Ընդհանուր առմամբ, Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են և առաջնահերթություն այն առումով, որ նրանց համար Վրաստանը կարևոր տարանցիկ երկիր է։ Այս համատեքստում անհրաժեշտ է ամրապնդել տնտեսական, առևտրային հարաբերությունները, նաև համագործակցությունը երկրների միջև տարբեր ոլորտներում։ Մեզ հետաքրքրում է նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ գործընկերությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, և այս համատեքստում, բնականաբար, կարևոր է հենց այս այցը, որը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,- հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։