Վրաստանի բնակչության 96.1%-ը, այսինքն՝ 3 միլիոն 775 հազար մարդ, Վրաստանի քաղաքացի է, նրանցից 8865-ը երկքաղաքացիություն ունեցող անձինք են։ Օտարերկրյա քաղաքացիները կազմում են 3.4%, ինչը հավասար է 134 հազար մարդու, որոնցից 1063-ը քաղաքացիություն չունեն։ Բնակչության մարդահամարի 2024 թվականի արդյունքների վերաբերյալ խոսել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Գոգիտա Թոդրաձեն։
Նրա խոսքով՝ արդյունքների համաձայն, Թբիլիսիի բնակչության թիվը 2014 թվականի տվյալների համեմատ աճել է 20%-ով։
Ըստ նրա` երկրում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներից 37 հազար 700-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։
«Մարդահամարի արդյունքների համաձայն՝ արձանագրվել է ուրբանիզացիայի բարձր ցուցանիշ։ Բնակչության 62%-ն ապրում է քաղաքային բնակավայրերում, իսկ 38%-ը՝ գյուղերում։ Քաղաքային բնակչության մասնաբաժինը վերջին տասը տարիների ընթացքում աճել է 5 տոկոսային կետով։
Թբիլիսիում ապրում է ընդհանուր բնակչության 34%-ը. մայրաքաղաքի բնակչության թիվը կազմում է 1 միլիոն 331 հազար մարդ, ինչը 20%-ով կամ 223 հազարով գերազանցում է 2014 թվականի մարդահամարի տվյալները։
Բնակչության թիվը 54%-ով աճել է նաև Բաթումիում՝ 153 հազարից հասնելով 236 հազարի։ Թբիլիսիից բացի, բնակչության թվի աճ է գրանցվել նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում և Քվեմո Քարթլիում, իսկ մնացած տարածաշրջաններում նկատվել է նվազման միտում։ Բնակչության թվի տեսանկյունից ամենաշատ նվազում են արձանագրել բարձրլեռնային Աջարիայի, նաև Ցագերիի, Ծկղալտուբոյի, Տկղիբուլիի և Լանչխութիի մունիցիպալիտետները։
Մարդահամարի արդյունքներով՝ բնակչության 96.1%-ը կամ 3 միլիոն 775 հազար մարդ Վրաստանի քաղաքացի է։ Նրանց թվում 8865-ը երկքաղաքացիություն ունեցող անձինք են։ Վրաստանի քաղաքացիների թիվը վերջին 10 տարում աճել է 2.5%-ով կամ 91 հազարով։ Օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը 3.4% է` 134 հազար մարդ։ Նրանցից 1063-ը քաղաքացիություն չունեցող անձինք են։
Երկրում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներից 37 հազար 700-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, ինչը կազմում է ամբողջ բնակչության մոտավորապես 1%-ը։ 23 հազար 900-ը Հնդկաստանի քաղաքացիներ են (ամբողջ բնակչության 0.6%-ը)։ 11 հազար 500-ը՝ Ուկրաինայի, 8300-ը՝ Ադրբեջանի, և 5400-ը՝ Հայաստանի քաղաքացիներ են։
Բնակչության 84.1%-ը կամ 3 միլիոն 304 հազար մարդ ազգությամբ վրացի է։ Երկրում բնակվող վրացիների թիվն աճել է 2.5%-ով կամ 80 հազարով։ Հաջորդիվ գալիս են ադրբեջանական ազգություն ունեցող քաղաքացիները՝ 269 հազար մարդ, ինչը կազմում է ամբողջ բնակչության 6.8%-ը։ Երրորդ տեղում հայկական ազգություն ունեցող քաղաքացիներն են՝ 4.3% մասնաբաժնով։ Այնուհետև գալիս են ռուսական ազգության քաղաքացիները՝ 1.1%-ով, և հնդիկները՝ 0.6%-ով»,- հայտարարել է Գոգիտա Թոդրաձեն։