Վրաստանի ՆԳ նախարարը այցելել է Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոն

Վրաստանի ներքին գործերի նախարարը Հայաստանի ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համալիրում ծանոթացել է ստորաբաժանումների գործունեությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, հայտնել է ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունը։

«Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր։

Այցի շրջանակում Սուլխան Թամազաշվիլին շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել Օպերատիվ կառավարման կենտրոնի, Պարեկային ծառայության շենքային պայմաններին, նաև ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։

Օպերատիվ կառավարման կենտրոնում Վրաստանի ներքին գործերի նախարարին ներկայացվել է եվրոպական ստանդարտներով գործարկված 112 զանգերի կառավարման կենտրոնը, որը մեկ միասնական հարթակում է միավորել Փրկարար ծառայության և Ոստիկանության զանգերի սպասարկումը»,- նշված է հաղորդագրության մեջ։