Ազգային արժեքներ և նոր պատկերազարդումներ նոր դասագրքերում

Ըստ Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեի` ուսումնական գործընթացում ազգային արժեքների ինտեգրման նպատակով դպրոցներում սկսվում է դասագրքերի բարեփոխում: Նախարարի խոսքով՝ փոփոխությունները կվերաբերեն ոչ միայն գրքերի բովանդակությանն ու տեսքին, այլև դրանց կիրառման կարգին:

Միքանաձեի պարզաբանմամբ՝ մասնավոր և հանրային դպրոցներում, նախարարության որոշմամբ, նույն կրթական աստիճանում և առարկայից կիրառվելու է նույն դասագիրքը: Նախարարի խոսքով՝ այս որոշման պատճառը ծնողների դժգոհությունն է. ըստ նրանց` դպրոցը փոխելու դեպքում տարբեր մեթոդաբանությամբ ուսուցումը երեխաների շրջանում շփոթմունք է առաջացնում:

Նախարարության ծրագրով` մինչև 2028 թվականի սեպտեմբերի 15-ը բոլոր կրթական աստիճաններում, ինչպես հումանիտար, այնպես էլ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղությունների առարկաներում կներդրվեն լիովին նոր դասագրքեր: Նոր ուսումնական տարում թարմացված գրքերից կօգտվեն առաջին, 7-րդ և 10-րդ դասարանների աշակերտները:

«Չափազանց կարևոր է, որ հայեցակարգը լիովին փոխվում է: Գրքերի կազմերին պատկերված կլինեն ազգային արժեքներ կրող պատկերներ: Պարզ օրինակ բերեմ. քիմիայի դասագրքի կազմին պատկերված կլինի վրացական ավանդական գինու մամլման (պատրաստման) գործընթացը, որը կապված է քիմիական պրոցեսի հետ: Իսկ հետևի կազմին տեղադրված կլինի այդ պրոցեսի նկարագրությունը:

Ֆիզիկայի դասագրքի վրա պատկերված կլինի Էլգուջա Մեձմարիաշվիլիի մեծագույն գյուտը՝ առաջին վրացական արբանյակի արձակումը տիեզերք: Նույն հայեցակարգը կտարածվի նաև այլ գրքերի վրա:

Դասագրքերում ներառել ենք ավելի քան 500 լիովին նոր պատկերազարդում, որոնք երբևէ չեն եղել գրքերում և վերաբերում են վրացական ճարտարապետական հուշարձաններին: Այս ազգային բաղադրիչները ներմուծում ենք, որ մեր երեխաներն իմանան, թե ինչպիսի գանձեր ունի մեր հայրենիքը»,- ասել է նախարարը: