Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը հանձնարարականներով դիմել է Վրաստանի կառավարությանը։
Մասնավորապես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) զեկույցում տեղ գտած հանձնարարականները վերաբերում են խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանությանը և մարդու իրավունքների խախտումների «լուրջ մեղադրանքներին», որոնց Վրաստանի կառավարությունը պետք է «պատասխան տա»։
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը նաև պահանջել է վերանայել վերջին շրջանում ընդունված օրենսդրությունը։
OHCHR-ը կոչ է արել Վրաստանի կառավարությանը վերականգնել քաղաքացիական հասարակության աջակցության միջավայրը՝ ապահովելով, որ հասարակական կազմակերպությունների և հեռարձակողների օտարերկրյա աջակցություն ստանալու ցանկացած սահմանափակում խստորեն սահմանափակվի անհրաժեշտությամբ և համաչափությամբ։
«OHCHR-ը ճանաչում է Վրաստանի կառավարության հետ ընթացող համագործակցությունը, այդ թվում՝ Թբիլիսիում OHCHR-ի հյուրընկալումը։ OHCHR-ը հավատարմորեն շարունակում է աջակցել կառավարությանը և ազգային դերակատարներին մարդու իրավունքների հարցերի լուծման գործում», — ասված է զեկույցում։
OHCHR-ը հետևյալ հանձնարարականներն է տվել Վրաստանի կառավարությունը.
— Ներկայացնել կոնկրետ միջոցներ խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանելու ու առաջ մղելու նպատակով և պատասխանել մարդու իրավունքների խախտումների լուրջ մեղադրանքներին, որոնք նշված են 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի OHCHR-ի զեկույցում։ Մասնավորապես այնպիսի խախտումներին, որոնք տեղի են ունեցել հանրային բողոքի ցույցերի համատեքստում, ներառյալ ցուցարարների ապօրինի ձերբակալությունները և լրագրողների ու մեդիայի աշխատակիցների նկատմամբ ուժի անհարկի կամ անհամաչափ կիրառումը.
— Իրականացնել արագ, անկախ և մանրամասն քննություն նման մեղադրանքների վերաբերյալ, ապահովել հաշվետվողականություն և երաշխավորել լիովին արդար դատավարություն, արդար դատաքննությունն ապահովող մեխանիզմներ ու դատական վերանայման հնարավորություն.
— Վերանայել այն փոփոխությունները, որոնք 2025 թվականին կատարվել են «Հեռարձակման մասին օրենքում», Քրեական օրենսգրքում, «Դրամաշնորհների մասին օրենքում», «Հավաքների և ցույցերի մասին օրենքում» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որպեսզի ապահովվի դրանց լիակատար համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային օրենքներին, հատկապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածներին, և ապահովել, որ բոլոր օրենսդրական գործընթացներն ընթանան լիակատար թափանցիկությամբ ու հասարակության նշանակալի մասնակցությամբ և այլն։