Գիորգի Չակվետաձեն հանդես կգա Սերիա A-ի «Ուդինեզե» ակումբում

Ըստ լոնդոնյան The Watford Observer պարբերականի տեղեկության՝ Վրաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեն հանդես կգա իտալական Սերիա A-ի «Ուդինեզե» ակումբում:

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստն այլևս չի ցանկանում ևս մեկ մրցաշրջան անցկացնել անգլիական երկրորդ դիվիզիոնում՝ Չեմպիոնշիփում և դիտարկում է թոփ 5 առաջնություններում խաղալու տարբերակը:

«Ուոթֆորդ»-ի և «Ուդինեզե»-ի միջև առկա կապի պատճառով, ամենայն հավանականությամբ, Չակվետաձեն կարիերան կշարունակի հենց իտալական ակումբում:

«Նախորդ մրցաշրջանի վերջում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ վրացի ֆուտբոլիստի կարիերան «Ուոթֆորդ»-ում կավարտվի: Նոյեմբերին վնասվածքի ապաքինումից հետո նա մասնակցեց 30 հանդիպման և չկարողացավ գոլ հեղինակել: Հարձակողական ոճի կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում տպավորիչ խաղաոճով գրավեց ուշադրությունը, սակայն արդյունավետության տեսանկյունից խնդիրներ կային. 107 հանդիպման ընթացքում ընդհանուր առմամբ խփեց միայն 3 գոլ»,- գրել է The Watford Observer-ը:

Հիշեցնենք, որ Գիորգի Չակվետաձեն «Ուոթֆորդ»-ին միացել էր 2023 թվականին, ինչից հետո անցկացրած 107 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:

Ի դեպ, «Ուդինեզե»-ում հանդես է գալիս ևս մեկ վրացի ֆուտբոլիստ՝ Սաբա Գոգլիչիձեն, հետևաբար մեծ է հավանականությունը, որ հաջորդ մրցաշրջանից նշված ակումբում կտեսնենք երկու վրացի խաղացողի: