Այս տարի հայտնաբերվել է արտանետումների նորմերի խախտման 4575 փաստ

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում չորս քաղաքում հայտնաբերվել է ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների սահմանված նորմերին անհամապատասխանության 4575 փաստ։ Տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Ամենաշատ իրավախախտումները՝ 2699 փաստ, հայտնաբերվել են Թբիլիսիում։

Մյուս քաղաքների տվյալներն են.

 Բաթումի՝ 821,

 Քութաիսի՝ 694,

 Ռուսթավի՝ 361։

Ըստ նախարարության հաղորդման` 3982 իրավախախտում կատարել են ֆիզիկական անձինք, 593-ը` իրավաբանական անձինք։

2634 իրավախախտում են կատարել մարդատար ավտոմեքենաների, 1837-ը՝ միկրոավտոբուսների, 101-ը՝ բեռնատար ավտոմեքենաների, իսկ 3-ը՝ ավտոբուսների վարորդները/սեփականատերերը։

«Մթնոլորտային օդի որակի բարելավման և տրանսպորտային ոլորտից աղտոտվածությունը նվազագույնի հասցնելու նպատակով, Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտը Թբիլիսի, Բաթումի, Քութաիսի և Ռուսթավի քաղաքների ճանապարհներին ավտոտրանսպորտային միջոցների տեսանելի արտանետումները ստուգում է 2023 թվականի սեպտեմբերից։ Իրականացված վերլուծության հիման վրա դեպարտամենտը սկսել է այս ուղղությամբ հնարավորությունների հզորացման գործընթաց. ավելացել է անձնակազմերի  քանակը, ձեռք են բերվել հիբրիդային ավտոմեքենաներ, անձնակազմերը հագեցած են համապատասխան չափիչ սարքերով, պարբերաբար իրականացվում է աշխատակիցների վերապատրաստում։

Դեպարտամենտի աշխատակիցներն արդեն հնարավորություն ունեն ստուգումներ իրականացնելու ավելի շատ վայրերում և ստուգելու ավելի մեծ թվով ավտոտրանսպորտային միջոցներ։ Արդյունքում վերահսկողությունը դարձել է ավելի մասշտաբային ու արդյունավետ»,- նշված է հաղորդագրության մեջ։