«Վրացական երազանք»-ի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին «արտառոց» է որակել երկրում էներգահամակարգի մասշտաբային վթարային անջատումը և հայտարարել, որ քննությունը պետք է պարզի մարդկային գործոնի հավանականությունը կամ սաբոտաժի հատկանիշները։
Պապուաշվիլիի խոսքով՝ անհրաժեշտ է ժամանակին պարզել դեպքի բոլոր մանրամասները։
«Կարևոր է, որ ուսումնասիրվի և քննվի, թե ինչի հետ գործ ունեինք։ Փաստ է, որ արտառոց երևույթ էր։ Հաջորդաբար տեղի ունեցավ ամբողջ համակարգի անջատում։ Հետևաբար, կարևոր է, որ բոլոր մանրամասները պարզվեն։
Տեսնենք, թե ինչպիսին կլինի քննության արդյունքը․․․ Եթե այստեղ առկա է մարդկային գործոն, որևէ մեկի միջամտություն կամ սաբոտաժի բնույթի գործողություն, այդ ամենը պետք է բացահայտվի»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։
Հուլիսի 24-ին և 25-ին համապետական մասշտաբով էլեկտրաէներգիայի մատակարարման կրկնակի վթարային անջատման փաստով Պետական անվտանգության ծառայությունը քննություն է սկսել սաբոտաժի հոդվածով։
Ծառայության հաղորդմամբ՝ քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով, որը ենթադրում է Վրաստանի պետական շահերին սպառնալիք ստեղծելու նպատակով պետական ձեռնարկության կամ այլ կարևոր օբյեկտների նորմալ գործունեության խոչընդոտում կամ դրանց վնասում/ոչնչացում։
«Վրաստանի պետական էլեկտրահամակարգի» հաղորդմամբ՝ հուլիսի 25-ի առավոտյան մոտ ժամը 08:00-ին տեղի ունեցած վթարային անջատումից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջ երկրի տարածքում լիովին վերականգնվել է ժամը 10:15-ին։ Ընկերությունից հայտնել են, որ այս փուլում ընթանում է վթարի առաջացման կոնկրետ պատճառների պարզումը։
Նմանատիպ մասշտաբային անջատում Վրաստանում գրանցվել էր նաև նախորդ օրը՝ հուլիսի 24-ին։