Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին Գյուղատնտեսության պետական լաբորատորիայի աշխատակիցներին է ներկայացրել նոր տնօրենին՝ Լևան Ջղարկավային։
Նախարարության փոխանցմամբ՝ Սոնղուլաշվիլին շնորհավորել է Ջղարկավային նոր պաշտոնի կապակցությամբ, հաջողություններ մաղթել և նշել, որ լաբորատորիայի առջև ծառացած ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են փոփոխություններ և նոր մոտեցումներ։
«Լևան Ջղարկավան հանրային ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ ունի, նաև՝ ղեկավար պաշտոններում։ Վստահ եմ, որ նրա փորձն ու մասնագիտական գիտելիքները նշանակալիորեն նպաստելու են Գյուղատնտեսության պետական լաբորատորիայի հետագա զարգացմանը», — ասել է Դավիթ Սոնղուլաշվիլին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել լաբորատորիայի նախկին տնօրեն Իրակլի Գուլեդանիին։ Սոնղուլաշվիլիի խոսքով՝ Գուլեդանիի ավանդը լաբորատորիայի զարգացման գործում գնահատելի է, և նա իր գործունեությունը կշարունակի նախարարության համակարգում։
Նորանշանակ Լևան Ջղարկավան շնորհակալություն է հայտնել նախարարին հայտնած վստահության համար և նշել, որ ակտիվորեն աշխատելու է առաջադրված խնդիրների իրականացման ուղղությամբ։
Լևան Ջղարկավան հանրային ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ ունի։ Նախքան նոր պաշտոնում նշանակվելը նա ղեկավարում էր Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտը։ Նա եղել է նաև Թբիլիսիի մունիցիպալիտետի զարգացման հիմնադրամի տնօրեն, Թբիլիսիի մունիցիպալ տեսչության պետ, Դիդուբեի շրջանի ղեկավար, «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն։
Գյուղատնտեսության պետական լաբորատորիան Վրաստանի տարածքում ներկայացված է 13 մասնաճյուղով և սպառողներին առաջարկում է շուրջ 500 հետազոտություն։ Նախարարության տվյալներով՝ լաբորատորիայում մշտապես իրականացվում է հետազոտության ժամանակակից մեթոդների ներդրում և լաբորատոր հնարավորությունների ընդլայնում։