Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ևս մեկ հայտարարություն է արել Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով Ռուսաստանի պատրաստակամության մասին։
«Մենք պատրաստ ենք Թբիլիսիի հետ իրատեսական կապերը հետագայում ընդլայնել։ Ակնհայտ է, որ Վրաստանի հաջող զարգացման բանալին ոչ թե առճակատումն է, այլ մեր երկրի հետ համագործակցությունը», — ասել է դիվանագետը ռուսական պետական լրատվական TASS գործակալությանը տված հարցազրույցում։
Գալուզինը նաև խոսել է երկրների միջև երկկողմ քաղաքական շփումների բացակայության մասին.
«Պատճառն այն է, որ վրացական կողմը պատրաստ չէ նման երկխոսության։ Իհարկե, ինձ համար դժվար է դատել, թե որքանով այս որոշումը կօգնի Վրաստանին լուծել այս կամ այն խնդիրը, բայց դա նրա կառավարության որոշումն է»։
Փետրվարին Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան կոչ է անում Թբիլիսիին «մտածել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու օգուտների մասին»։
Վրաստանը բացառում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի ռազմական օկուպացիայի պայմաններում։