Հաղորդավարի վրա հարձակման մեղադրանքով երկու քաղաքացի է ձերբակալվել

Երկու քաղաքացի է ձերբակալվել Աջարիայի հեռուստատեսության օդերևութաբան հաղորդավար  Կոբա Պարտենաձեի վրա հարձակվելու և նրան վնասելու սպառնալիքների մեղադրանքով։

Օգոստոսի 10-ին Աջարիայի հեռուստատեսության հաղորդավար Կոբա Պարտենաձեն հայտարարել է, որ Բաթումիում իր վրա հարձակվել են, սպառնացել, վիրավորել են և ֆիզիկական բռնության ենթարկել։

Օգոստոսի 11-ին տարածված հայտարարության մեջ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Աջարիայի ոստիկանության Բաթումիի քաղաքային բաժնի աշխատակիցները ձերբակալել են երկու քաղաքացու:

Ըստ ՆԳՆ-ի հայտարարության՝ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 126-րդ և 151-րդ հոդվածներով.

  • 126-րդ հոդվածը վերաբերում է բռնությանը, որը պատժվում է տուգանքով, համայնքային աշխատանքով, տնային կալանքով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ։
  • 151-րդ հոդվածը վերաբերում է սպառնալիքին, որը պատժվում է տուգանքով, համայնքային աշխատանքով, ուղղիչ աշխատանքով, տնային կալանքով կամ մինչև մեկ տարի ազատազրկմամբ։