Վրաստանի ճանապարհներին երթևեկության կանոնների խախտման համար տարեկան միջին հաշվով 3․3 միլիոն տեսատուգանք է նշանակվել։
Ներքին գործերի նախարարության հրապարակած վերջին վիճակագրության համաձայն՝ միայն 2026 թվականի 3 ամսում (հունվար-մարտ) արդեն կազմվել է 927 հազար 189 տեսատուգանք, որոնց 46․5%-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին։
Վրաստանում տեսատուգանքները նշանակվում են մի շարք իրավախախտումների համար, որոնց թվում են՝ արագության գերազանցումը, պարբերական տեխնիկական զննումը (տեսախցիկներն ավտոմատ կերպով տվյալների բազայում ստուգում են՝ ավտոմեքենան անցել է արդյոք պարտադիր տեխզննումը), լուսացույցի կարմիր ազդանշանով անցնելը, ավտոբուսների համար առանձնացված գոտիով («բասլայնով») երթևեկելը և այլն։
Հատկանշական է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների շարքում արագության սահմանափակման խախտումը գրանցված տեսատուգանքների քանակով ամեն տարի առաջատարն է։ Օրինակ՝ այս տարի 3 ամսում 15 կմ/ժամից ավելի արագությունը գերազանցելու համար կազմվել է գրեթե 531 հազար տուգանք։ Սա գրանցված տեսատուգանքների 57%-ից ավելին է։
Արդեն նշվեց, որ ամենաշատ տեսատուգանքները կազմվել են մայրաքաղաքում, որին հաջորդում է Իմերեթին, հետո` Աջարիան։
Թբիլիսի — 431 հազար 866
Իմերեթի — 143 հազար 486
Աջարիա — 129 հազար 289
Շիդա Քարթլի — 48 հազար 943
Քվեմո Քարթլի — 44 հազար 69
Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 43 հազար 313
Գուրիա — 33 հազար 717
Կախեթի — 20 հազար 739
Սամցխե-Ջավախեթի — 19 հազար 160
Մցխեթա-Մթիանեթի — 12 հազար 577
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 33։
Նույն հաշվետու ժամանակահատվածում տեսատուգանքներից հաշվեգրված գումարի ծավալը գերազանցել է 616․2 միլիոն լարին։