Հանրային դպրոցներին առաջիկա օրերին կմատակարարվեն նոր դասագրքեր

Վրաստանո մասշտաբով հանրային դպրոցներին դպրոցական դասագրքերը կմատակարարվեն առաջիկա օրերին, հայտնել է Կրթության նախարարությանը ենթակա «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն։

Ըստ հաղորդագրության` 2026-2027 ուսումնական տարում I, V, VII, IX և X դասարանների աշակերտները կսովորեն նոր դասագրքերով։ Ի դեպ, խոսքը ոչ բոլոր առարկաների մասին է։

««Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ի նախաձեռնած 2026 թվականի միավորված մրցույթի շրջանակներում, հանրային դպրոցներին և կրթական ռեսուրս-կենտրոններին դպրոցական դասագրքերի փուլային մատակարարումը կավարտվի սեպտեմբերի 10-ից ոչ ուշ։

Տպագրության և բաշխման գործընթացը ներառում է 32 անուն ուսումնական հրատարակություն և ընդհանուր առմամբ 1 միլիոն 533 հազար 339 օրինակ։ Դրանցից 1 միլիոն 340 հազար 44 օրինակն անմիջապես կփոխանցվի հանրային դպրոցներին», — հայտնել է «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն։

Խոսքը հետևյալ դասագրքերի մասին է. I դասարանի, VII և IX դասարանների վրաց լեզվի և գրականության դասագրքերը։ Նաև փոխվում են I, V, VII և X դասարանների մաթեմատիկայի, VII և X դասարանների կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, պատմության և աշխարհագրության դասագրքերը։

Հիշեցնենք՝ հանրակրթական հաստատության դասագրքի արժեքի, նաև դրա իրացման, պահպանման և փոխարինման կարգի հաստատման մասին նոր հրամանը նախարարն արձակել է օգոստոսի 12-ին։ Համաձայն հրամանի՝ դասագրքերի տեղափոխումը մինչև իրացման կետեր և/կամ կրթական ռեսուրս-կենտրոններ/դպրոցներ ապահովում է «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն՝ դրա համար հատկացված տրանսպորտային միջոցներով։