Թբիլիսիի քաղաքապետարանը Քուռ (Մտկվարի) գետի ձախ ափին՝ «Գագրա» ռեստորանից մինչև Շալիկաշվիլիի կամուրջն ընկած հատվածում, սկսում է ափապաշտպան պատի վերականգնումը, որի իրականացման համար քաղաքապետարանը հայտարարել է 10 միլիոն լարի արժողությամբ մրցույթ։ Հայտերի ընդունումը կսկսվի օգոստոսի 29-ին և կավարտվի սեպտեմբերի 3-ին։
Աշխատանքների կատարման ժամկետը գրավոր պատվերը տալուց հետո 150 օրացուցային օր է, այսինքն՝ 5 ամիս։
Վերականգնվող պատի երկարությունը 300 մետր է։
«Նախագծվող օբյեկտը գտնվում է Թբիլիսի քաղաքում՝ Քուռ գետի ձախ ափին։ Առկա ափապաշտպան պատի մարմինն ու հիմքը վնասված են, նկատվում է պատի էրոզիա, նկատելի են առանձին հատվածների դեֆորմացիաներ, հատկապես աղետալի վիճակում է և ռիսկային է 0+00 — 3+00 հատվածը, որը նշանակալիորեն թեքված է դեպի գետը։ Չնայած նշված վնասվածքներին՝ առկա պատը քանդելու անհրաժեշտություն չկա, քանի որ ափապաշտպան պատի վերևում տեղակայված են մայթը, բազմամյա տնկարկները, տարբեր հաղորդակցման ցանցեր և երթևեկելի մասը։ Ըստ այդմ՝ նախագծային փաստաթղթերով որոշվել է առկա պատի առջև՝ գետի կողմում, կառուցել նոր, սյունային հիմքով երկաթբետոնե ափապաշտպան պատ», — նշված է նախագծային փաստաթղթում։
«Գագրա» ռեստորանի հարակից լանջը փլուզվել էր անցյալ տարի։ Մինչ փլուզումը Թբիլիսիի քաղաքապետարանը փակել էր հարակից ճանապարհը, քանի որ երթևեկելի մասում ճաքեր էին նկատվել։ Դրանից հետո փլուզված լանջի վերականգնման համար հայտարարվել էր երկու պարզեցված գնում։